23 հունիսի 2017 - 15:55 AMT
ԿԱՐԾԻՔ
Հեծանիվով մետրոյում, կամ մի զգուշացեք, տուրնիկետը միևնույն է հարվածելու է

Արդեն 4 տարի է` հեծանվով մտնում եմ մետրո ու գրեթե ամեն օր բախվում նույն խնդիրներին: Սկսեմ նրանից, որ ոչ մի անօրինական բան չեմ անում. հեծանվով մետրո մտնել թույլատրվում է, պարզապես, ըստ կանոնակարգի, պետք է 2 ժետոն գնես՝ 200 դրամ: Բայց այ հենց այստեղ էլ սկսվում են դժվարությունները, ու սա այն դեպքում, որ ես բացարձակ դեմ չեմ 2 տոմսի դիմաց վճարելուն: Հարցն այն է, որ մետրոյի անցագրային համակարգն ընդհանրապես հարմարեցված չէ նման դեպքերին: Հիմա բացատրեմ, թե ինչում է խնդիրը՝ կետ առ կետ:

Նախ քարտի մասին: Քանի որ մետրոյից օգտվում եմ գրեթե ամեն օր, այն էլ՝ մի քանի անգամ, մետրոյի քարտ ունեմ: Սա սովորական քարտ է, որը վաճառում են 2000 դրամով և գնելու պահին մեջը լինում է 1000 դրամ, որը կարելի է օգտագործել երթևեկելու համար: Շատ հարմար բան է (եթե հեծանվորդ չես). մեկ անգամ գնում ես, պարբերաբար լիցքավորում, և ամեն օր էլ ստիպված չես լինում ժետոնի համար հերթ կանգնել: Բայց բանն այն է, որ քարտով իրար հետևից 2 տոմս ստանալ չի լինում, և երբ ուզում եմ հեծանվով անցնել, պետք է կամ 2 ժետոն գցեմ, կամ 1 անգամ քարտն անցկացնեմ և մեկ հատ էլ ժետոն գցեմ. ստացվում է, որ քարտ գնելն ինձ բնավ չի ազատում ժետոնի հերթերից:

Երկրորդն անցակետն է, որի հետ էլ համակերպվել հնարավոր չէ: Այժմ ես ունեմ քարտ ու գնում եմ նաև հավելյալ ժետոն: Սակայն արի ու տես, որ այսքանով պատճառվող անհարմարությունները չեն ավարտվում: Այս եղանակով 2 տոմս ստանալուց հետո էլ, միևնույն է, անցակետը կեսից փակվում է՝ դիմացի ակն անցկացնելուց հետո տուրնիկետը հարվածում է, և այստեղ արդեն բախտի բան է՝ ոտքիդ, հեծանիվիդ... Ճիշտ է, փոխադրամիջոցի կամ ոտքի վնասվելու հավանականություն այնքան էլ մեծ չէ, բայց տհաճ զգացողությունն ու ցավը երաշխավորվում են:

Երրորդն էլ մարդկային գործոնն է: Հսկիչների խցիկում հատուկ կոճակ կա՝ նախատեսված նաև նման դեպքերում կիրառելու համար: Հսկիչները կարող են սեղմել այդ կոճակը, և տուրնիկետը սովորականից երկար բաց մնա: Բանն այն է, որ ամեն անգամ հեծանվով անցնելուց առաջ ստիպված եմ լինում կարգավարներին երկար-բարակ բացատրել, թե ինչու եմ ուզում, որ սեղմեն այդ կոճակը, որ անգամ եթե 2 տոմս եմ վճարում, միևնույն է, տուրնիկետը փակվում է: Այս ամենն ինձ հաճելի չէ: Բացատրում եմ, որ պետք է լուծել քարտով 2 տոմս ստանալու հարցը: Սակայն այս ամենն ընդունվում է սվիններով: Նաև նշեմ. մետրոյում հեծանվորդների հանդեպ խիստ բացասական են տրամադրված: Մեզ վերաբերվում են ինչպես բորոտներին, կամ չգիտեմ, ասենք՝ արվամոլների: Միանգամից այնպես են նայում, ասես հանցագործ ես:

Երբ հարց եմ բարձրացնում, բարձրաձայնում, մետրոյի աշխատանքի ու սպասարկման որակը բարձրացնելու մասին եմ խոսում, 90% դեպքերում ինձ կոպտում են ու մուննաթով պատասխանում, թե «քո համար ամբողջ մետրոյի աշխատանքը չենք փոխելու», կամ էլ, ինչն ավելի վատ է, «դե մյուս անգամ հեծանվով չես նստի»: Ո՞վ կարող է ինձ այս ամենի իմաստը բացատրել. ոչ օրենք եմ խախտում, ոչ կանոն, ոչ էլ վնաս եմ տալիս: Ասեմ ավելին, հեծանվորդները մետրոյից օգտվողներից ամենաանշառն ու ամենակիրթն են:

Վարո Ռաֆայելյան / PAN Photo