23 հունիսի 2017 - 17:41 AMT
Կապանում պատմական արժեք ունեցող դամբարաններ են քանդվել. Քրգործ է հարուցվել

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարանները քանդելու և թալանելու դեպքի առթիվ:

Հունիսի 12-ին հաղորդում է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան հանքավայրի մոտակայքում 2012-ին հայտնաբերված մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք քանդել և թալանել են երեք դամբարան:

Կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հունիսի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի երեք դամբարանը քանդվել և վնասվել են 2017 թվականի փետրվարին: Պարզվում է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ պատճառված վնասի չափը հստակեցնելու, դամբարանի տարածքից հափշտակված առարկաները հայտնաբերելու ուղղությամբ:

Կապան, նախկինում Ղափան, քաղաք Հայաստանում, Սյունիքի մարզի մարզկենտրոնն է: Նախկին «Կատար» բնակավայրի տարածքում կանգուն է «Կատարի վանք» եկեղեցին։ Հիշարժան կառույցներից են Կատարավանք ամրոցը (X- XVIII դդ)՝ իր օժանդակ շինություններով, Կկոց Քար ամրոցը (X դ), Հալիձորի ամրոցը բազմաթիվ դամբարաններով։ 1723թ Դավիթ Բեկի կողմից վերակառուցվել է Սբ.Աստվածածին եկեղեցին։ Վահանավանք եկեղեցին ներկայացնում է իրենից մի վանական համալիր, իսկ Սբ.Գրիգոր եկեղեցին աչքի է ընկնում բազմաթիվ տապանաքարերով։