ՀՀ-ում հաշվառված է 6010 թմրամոլ

ՀՀ-ում հաշվառված է  6010 թմրամոլ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում 2017-ի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 6010: Նրանցից 2.343-ը ափիոնային թմրամոլներ են, որոնցից 52-ը՝ կանայք, 3.665-ը` կանաբինոիդային թմրամոլները, որոնցից 43-ը՝ կանայք, 2-ը՝ կոկաինային թմրամոլներ:

Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, հաշվառվածներից 63%-ը 28-49 տարեկան է, 18%-ը՝ 50-64 տարեկան, 16%-ը՝ 19-27 տարեկան, մնացածը` 65 և բարձր տարիքի և մինչև 18 տարեկան անձինք: Տարածվածությամբ առաջջին տեղում Երևանն է՝ 3.173 կամ 53%, երկրորրդ տեղում՝ Արմավիրի մարզը՝ 747 կամ 12%, երրորդում՝ Կոտայքի մարզը՝ 578 կամ 9%:

1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է 42/112 հռչակագիրը, ըստ որի որոշվել է հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր` հզորացնելու գործողությունները և համագործակցությունը թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար։

Այս տարի օրվա խորհուրդն է՝ «Առաջին հերթին լսել», կարգախոսը՝ «Լսելով երեխաներին և երիտասարդներին՝ դուք կօգնեք նրանց առողջ և բարեկեցիկ դաստիարակությանը», իսկ խորհրդանշանն է՝ «Ասա Ո'Չ թմրամիջոցներին»:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, 1993 թվականին Հայաստանի Հանրապետությունն անդամակցելով ՄԱԿ-ին` վավերացրել է թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից ընդունված կոնվենցիաները:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ 226-Ն կարգադրությամբ մատնանշվել են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները:

Աշխարհում թմրամիջոցներ չարաշահողների թիվը կազմում է մոտ 1/4 միլիարդ․ մարդ, նրանցից 29.5 միլիոն մարդ տառապում է թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---