
2017-ի առաջին եռամսյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 122 հիվանդ: 94 հիվանդ ենթարկվել է կորոնար անոթների անգիոգրաֆիայի, 36 հիվանդի տեղադրվել է 42 ստենտ:
Արցախում սրտի անհետաձգելի վիրահատության Stent for life ծրագրով, 1 ոչ դեղածածկ ստենտ է տեղադրվում պետպատվերի շրջանակում: Հունվար, փետրվար, մարտ ամիսներին այդ ծրագրով 26 հիվանդի կատարվել է կորոնար անոթների անգիոպլաստիկա, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Նոր ծառայության ստեղծումից ի վեր հանրապետությունում 353 սրտամականի սուր ինֆարակտ է գրանցվել, որոնցից 190-ն անմիջապես ստենտավորվել է անգիոգրաֆիկ սարքի միջոցով:
Անգիոգրաֆիայի բաժանմունքն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, սերտ համագործակցում է առողջության պահպանման առաջնային օղակի և հատկապես շտապօգնության ծառայության հետ: Հաստատված պրոտոկոլների համաձայն, սուր ինֆարկտների դեպքում արագ և ճիշտ գնահատվում են հիվանդի վիճակը, և ամենակարճ ժամանակում տեղափոխվում Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի բաժանմունք:
2014 թվականի նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում բացվել է Անգիոգրաֆիայի բաժանմունքը, որով փաստացի սկիզբ է դրվել ինվազիվ վիրահատական ծառայությունը ԼՂՀ-ում:
Բաժանմունքում, տեղադրվել է գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆը, որի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում ինչպես սրտի անոթների, այնպես էլ այլ օրգանների: