Թուրքիան ռմբակոծում է Հյուսիսային Իրաքը

PanARMENIAN.Net - Տասնյակ թուրք կործանիչներ գիշերային ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում քուրդ անջատողականների ենթադրյալ ռազմակայաններին: Ըստ թուրքական բանակային հրամանատարության տեղեկատվության, «լայնամասշտաբ օդային գործողությունը կատարվել է լույս կիրակի օրվա գիշերը:



Թուրքիայի պաշտոնյաները հայտարարել են, որ ռմբակոծությունների նպատակն էին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) Թուրքիայի եւ Իրաքի սահմանին տեղակայված հենակետերը: «Գործողության նպատակն էր ահաբեկչական շարժումը: Այն ոչ մի կերպ ուղղված չէ Իրաքի հյուսիսի քաղաքացիական բնակչության դեմ»,-ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:



Հյուսիսային Իրաքի պաշտոնյաներն, իրենց հերթին, հայտարարել են, որ մի քանի գյուղ է տուժել: Ըստ չհաստատված տվյալների, մեկ կին է զոհվել: Հաղորդվում է, որ գիշերային հարձակմանը, որին մասնակցել են 20-50 ինքնաթիռներ, հետեւել է սահմանամերձ շրջանների հրետակոծությունը:



Երկրի վարչապետի տեղակալը հայտարարել է, որ մոտակա շաբաթներին «ահաբեկիչներին «դեռեւս կարող են հարվածներ հասցվել»: Թուրքական զորքերի պետ Յաշար Բույուկանիտը հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքին հասցվող ավիահարվածները հասցվել են Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի իմացությամբ:



«Անցած շաբաթ Ամերիկան բացեց Իրաքի օդային տարածքը մեզ համար: Դրանով իսկ Ամերիկան իր համաձայնությունն է հայտնել գործողության անցկացմանը»,-հայտարարել է գեներալ Յաշար Բույուկանիտը:



Իրաքի փոխարտգործնախարար Մահմուդ Խոմուդը կիրակի օրը կանչել է Իրաքում Թուրքիայի դեսպանին եւ պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները երկրի հյուսիսում: Ըստ փոխնախարարի, եթե ավիահարվածները չդադարեցվեն, դա կարող է բացասաբար անդրադառնալ «երկու կառավարությունների եւ ժողովրդների բարեկամական հարաբերությունների վրա»:



Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է թե կառավարությունը մտադիր է ահաբեկչության դեմ պայքարում օգտագործել բոլոր հասու գործիքները` քաղաքական, դիվանագիտական կամ ռազմական, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---