Petya շորթող վիրուսն ընդլայնում է կիբերհարձակումների աշխարհագրությունը

Petya շորթող վիրուսն ընդլայնում է կիբերհարձակումների աշխարհագրությունը

PanARMENIAN.Net - Համակարգչային Petya վիրուսը 3-րդ օրն է շարունակում է հարձակումը: Զոհերի աշխարհագրությունն ընդլայնվում է, ինչը թույլ է տալիս խոսել կիբերմիջամտության համաշխարհային բնույթի մասին:

Այսպես, հունիսի 28-ին երկրի մի շարք կազմակերպությունների վրա հարձակումների մասին է հաղորդել Բելառուսի ԱԳՆ-ն: Հարձակման ենթարկված ընկերությունների անունները չեն հրապարակվում: Ինչպես նշվում է փաստաթղթում, վիրուսն առաջին հերթին սպառնում է ֆինանսական և հաշվապահական բաժանմունքներին: Վարակված փաստաթղթերն անցնում են ռեզյումեների, ֆինանսական հաշվետվությունների կամ արխիվացված փաստաթղթերի տեսքով, հաղորդում է Deutsche Welle-ն:

Ավստրալիական երկու ընկերության վրա հարձակումների մասին էլ հաղորդել է Կանբերայի կառավարությունը: Ավստրալիայի իշխանությունների խոսքով, հարձակումներն իրենց բնույթով նման են նրանց, որ իրականացվել են եվրոպական, ամերիկյան ու ասիական ընկերությունների վրա: Ընդ որում, այս դեպքում ևս ընկերությունների անունները չեն հստակեցվել:

Ռուսաստանի կենտրոնական բանկը հայտարարել է, որ ռուսական ֆինանսական շուկայի մասնակիցների մոտ վիրուսի հետևանքները չեզոքացվել են, թեև կիբերանվտանգության մասնագետները դեռևս շարունակում են վնասակար ծրագրերի տարածման դեպքեր արձանագրել:

Ուկրաինայի կիբերոստիկանությունն էլ հայտնել է, որ հունիսի 27-ին ավելի քան 1000 նամակ են ստացել կիբերհարձակման մասին: Ընդ որում, ոստիկանություն բողոքով դիմել է 43 կազմակերպություն: Հարձակման փաստով 23 քրգործ է հարուցվել:

Շորթիչ-վիրուսի հարձակմանն է ենթարկվել ընդհանուր առմամբ 12.500 համակարգիչ աշխարհի 64 երկրում: Առավել մասսայական հարձակումներ գրանցվել են Իտալիայում, Իսրայելում, Սերբիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Արգենտինայում, Չեխիայում և Ուկրաինայում:

Հունիսի 27-ին Ուկրաինան, ապա Ռուսաստանն ու այլ երկրները հաքերային զանգվածային հարձակման էին ենթարկվել, Petya վիրուսի «զոհ են դարձել» երկրների հեռահաղորդակցության, նավթային, ֆինանսական մի շարք ընկերություններ, օրինակ՝ ռուսական «Ռոսնեֆտ» նավթագազային և «Բաշնեֆտ» նավթային ընկերությունները: Կիևի միջազգային «Բորիսպոլ» օդանավակայանը, մետրոպոլիտենի աշխատանքը:

Չերնոբոլի ԱԷՍ-ի համակարգչային համակարգն անջատվել էր՝ վիրուսային հարձակման հետևանքով: Ստիպված էին անցնել ձեռքի կառավարման ռեժիմի:Petya վիրուսը համակարգիչների ապաարգելափակման համար պահանջում էր 300 դոլար:

Կարդացեք նաև՝Թարմացնել օպերացիոն համակարգերն ու հակավիրուսային ծրագրերը. Ինչպես պաշտպանվել Petya-ից

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---