19 դեկտեմբերի 2007 - 13:12 AMT
Կոսովոյի անկախությունը հռչակելու համար հնարավորություն չկա
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «նենգություն» է համարել Եվրամիության առաջարկը` Կոսովոյում ԵՄ-ի ոստիկանության եւ քաղաքացիական ուժերի տեղակայման մասին: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերով, «իրավիճակը շատ ավելի բարդ է` ՄԱԿ-ի առաքելությունը ԵՄ-ի առաքելությամբ փոխարինելու մտահղացումը շատ ավելի խորամանկ է, չէ որ եթե խոսք գնար Անվտանգության խորհրդին նման առաջարկ անելու մասին, հանգուցալուծումը հնարավոր կլիներ»:

«Խնդիրն այն է, որ 1244 բանաձեւը փորձում են մեկնաբանել որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին իրավունք տվող փաստաթուղթ, որով նա կարող է փոխել Կոսովոյում քաղաքացիական եւ քաղաքական ներկայության կազմը: Սակայն այդ ուժերի կազմը ձեւավորելու հանձնարարությունն արդեն իսկ կատարվել էր Պան Գի Մունի նախորդի կողմից, եւ այդ կազմը փոխելու համար հարկավոր է Անվտանգության խորհրդին դիմել նոր առաջարկով եւ Խորհուրդը պետք է այն քննարկի»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ քննադատության է ենթարկել հայտարարություններն այն մասին, որ «ՄԱԿ-ի ԱԽ-ի 1244 բանաձեւն ենթադրում է միակողմանի կարգով անկախության շնորհում Կոսովոյին»: «Եթե ուշադիր ուսումնասիրենք բանաձեւը, կարող ենք համոզվել, որ նման հնարավորություն չկա: Խոսքը գնում է Սերբիայի կազմում Կոսովոյի էական ինքնավարության կազմավորման նպատակով քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու մասին»,-ասել է Լավրովը, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: