Հուլիսին Նալբանդյանն ու Մամեդյարովը հնարավոր է հանդիպեն

Հուլիսին Նալբանդյանն ու Մամեդյարովը հնարավոր է հանդիպեն

PanARMENIAN.Net - Հնարավոր է, որ առաջիկայում կայանա ՀՀ ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը

«Հնարավոր է, որ առաջիկայում ԱԳՆ մակարդակով հանդիպում լինի», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը՝ հավելելով, որ հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա հուլիս ամսին, գրում է Aysor.am-ը:

Պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից հետո սահմանին լարվածությունը մեղմացնելու համար, Նալբանդյանն ասել է.

«Մենք մեր հնարավորությունների համաձայն ենք մեր ոտքը մեկնում, որոշ արդյունքներ կան, բայց գոռգոռալ, որ վաղը մենք այս կամ այն կանենք, այդպիսով ոչ մի բանի չենք հասնի», - ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների արդյունքում կայացրած որոշումները նույնն էին, ինչ՝ ՀՀ նախագահն էր ասում։

«Երբ եռանախագահող երկրների կողմից ասվեց, թե պետք է հետաքննության մեխանիզմ ստեղծվի, դա այն էր, ինչ Հայաստանն էր ասում։ Կարծո՞ւմ եք՝ դա օդից է լինում: Դա համապատասխան աշխատանքի արդյունք է», - նշել է նա:

Խոսելով Ադրբեջանի ագրեսիվության մասին՝ Նալբանդյանն ընդգծել է, որ դրա համար Ադրբեջանը նախ պատասխանատու է միջազգային հանրության առջև։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն էլ հետաքրքրվել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը ԼՂՀ-ն բանակցային սեղանին վերադարձնելու համար:

Նախարարն ընդգծել է, որ հարցի պատասխանը նշված է ԵԱՀԿ գրասենյակում պահ դրված բոլոր բանակցային աշխատանքային փաստաթղթերում:

«Մի օր կհրապարակվեն այդ բոլոր փաստաթղթերը և դուք կտեսնեք, որ բոլորի մեջ ասված է՝ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցություններին։ Սա, ի դեպ, եռանախագահող երկրների համաձայնությամբ է որոշվել։ Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց արցախյան կողմի», - ասել է նախարարը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ բանակցություններին, նախարարը նշել է. «Կարելի է փիլիսոփայական պատասխաններ տալ Ձեր հարցերին։ Շատերն ասում են՝ Թուրքիային պետք է ստիպել, ոչ թե դիվանագիտական հարաբերություններ հաստատել, այլ ստիպել, որ ինքը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դե գնացեք ստիպեք, տեսնեմ՝ ինչպես եք ստիպելու: Մենք դա կարող ենք անել, եթե միջազգային հանրությունը մեզ միանա, իսկ այսօր այն մեզ միացել է»:

Նալբանդյանը նաև հավելել է, որ բանակցել պետք է բոլոր երկրների հետ անխտիր, որովհետև միայն բանակցությունների և երկխոսության արդյունքում կարող են հարցերը լուծվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---