30 հունիսի 2017 - 13:59 AMT
Քաղաքապետարան. Չոր խոտն այրելը խստիվ արգելվում է

ՀՀ քաղաքապետարանը հաղորդում է, որ ներկայում, ՀՀ ԱԻՆ տվյալներով, մայրաքաղաքի կանաչապատ տարածքներում կա հրդեհավտանգ իրավիճակ: Դա հաշվի առնելով՝ խստիվ արգելվում է չոր խոտն այրելը:

Տեղեկացվում է, որ հունիս ամսվա համար անսովոր բարձր ջերմաստիճանով պայմանավորված, ավելացել են Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներին մատակարարվող ոռոգման ջրի ծավալներն ու ջրելու հաճախականությունը: Շենգավիթ, Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների առանձին հատվածներում ոռոգումն իրականացվում է նաև խորքային հորերից մղվող ջրով:

Երևանում հրդեհավտանգ տարածքներ են համարվում հատկապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, Եռաբլուրի, «Փարոս»-ի, Հրազդանի կիրճի, Հաղթանակի և Օղակաձև զբոսայգիների անտառագոտիները:

Մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին քաղաքապետարանը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: