30 հունիսի 2017 - 14:44 AMT
ՊՆ ղեկավարը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ մոտեցումը տարածաշրջանի անվտանգության ապահովմանը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ին Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով՝ իր գործընկերներին ներկայացնելով Աֆղանստանում, և ընդհանրապես լայն տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ՀՀ մոտեցումներն ու տեսլականը, ինչպես նաև առաջարկել որոշակի լուծումներ՝ առկա խնդիրների պաշտպանական բաղադրիչի շրջանակներում։ Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նիստի ավարտից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ՀՀ-ի գործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև գլոբալ ու տարածաշրջանային ավտանգության խնդիրներին, ներկայացվել է Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումների շրջանակը, տեսակետներ են փոխանակվել դրանց իրականացման գործում ՆԱՏՕ-ի օժանդակության հնարավորությունների ու ձևաչափի վերաբերյալ։

Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Միխաիլ Կոստարակոսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարվել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության ռազմական օղակների միջև համագործակցության հաստատման հնարավորությունն ու հեռանկարները։