Շարմազանով. Շփման գծում երկկողմ կորուստների միակ պատասխանատուն Ադրբեջանն է

Շարմազանով. Շփման գծում երկկողմ կորուստների միակ պատասխանատուն Ադրբեջանն է

PanARMENIAN.Net - Արցախա-ադրբեջանական շփման գծում երկկողմ կորուստների միակ պատասխանատուն Ադրբեջանն է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սլովակիայի Հանրապետության արտաքին ու եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Լուկաշ Պարիզեկի և Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ հանդիպմանը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ՀՀ ԱԺ փոխնախագահը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին և արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքների մասին, որի պատճառով զոհեր են լինում: Նա հավելել է, որ Թուրքիան իր հերթին սրում է տարածաշրջանային լարվածությունը` փակ պահելով Հայաստանի հետ սահմանը և սատարելով Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին:

Կողմերը կարևորել են աշխարհում ահագնացող ահաբեկչությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը: «Մենք պետք է միավորվենք ահաբեկչության, այլատյացության և խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու փորձերի դեմ»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Պատվիրակության անդամներն ընդգծել են, որ Հայաստանը շահագրգիռ է Սլովակիայի հետ քաղաքական երկխոսության զարգացմամբ:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Պարոն Շարմազանովն այս համատեքստում համոզմունք է հայտնել, որ Հայաստանը եվրոպական արժեհամակարգի և քաղաքակրթության մի մասնիկն է և շարունակում է ժողովրդավարական կառույցների ամրապնդմանն ուղղված բարեփոխումները:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Վարդան Բոստանջյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---