20 դեկտեմբերի 2007 - 13:12 AMT
Սերժ Սարգսյան. «Ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ մենք պետք է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատենք Թուրքիայի հետ
Հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդարանական լսումները չափազանց կարեւոր են: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպմանը: Սեմնեբիի խոսքերով, իր համար բավականին հետաքրքիր է, թե հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանում ի՞նչ մտայնություն է տիրում: «ԵՄ-ն, իբրեւ Հայաստանի եւ Թուրքիայի գործընկեր կառույց, պատրաստ է այսպիսի քննարկումները խրախուսել, խթանել եւ կամուրջ հանդիսանալ»,-ասել է դիվանագետը:Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, Սերժ Սարգսյանը նախ կարեւորել է այդ թեմայով ՀՀ ԱԺ լսումները, միաժամանակ նշելով, որ միջոցառումը նախաձեռնած իր գործընկերներին ասել է, թե շատ ավելի լավ կլիներ փորձել թուրքական կողմին եւս ներգրավվել լսումներում: Նման նախաձեռնություններում Թուրքիային եւս մասնակից դարձնելու գործում ՀՀ վարչապետն ակնկալել է ԵՄ-ի հետագա աջակցությունը: «Սա մի հնարավորություն է, որտեղ մարդիկ կարող են իրենց տեսակետներն արտահայտել: Ես մշտապես համոզված եմ եղել, որ Թուրքիայի հետ պարտավոր ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, որից կշահենք ե՛ւ մենք, ե՛ւ Թուրքիան», - նշել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ վարչապետը խոսել է նաեւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության կարեւորության մասին, ասելով, որ իր համոզմամբ, եթե Թուրքիան լինի մի միության կազմում, որի խաղի կանոնները ընդհանուր են բոլորի համար, ավելի կհեշտանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

«Ինչ Դուք ասացիք, շատ կարեւոր է, եւ ես հետեւել եմ բրյուսելյան ու ստրասբուրգյան Ձեր հարցազրույցներում էլ այդ ամենն ընդգծել եք: Անկախ նրանից, թե ինչպիսի բանակցություններ է ԵՄ-ն վարում Թուրքիայի հետ, կարծում եմ սա շատ լավ ազդակ է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, ու լավ է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան հանդես է գալիս այսպիսի հստակ դիրքորոշմամբ: Կարծում եմ, մենք պետք է աջակցենք այն մարդկանց, ովքեր կողմ են ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավմանը», - ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պ. Սեմնեբին: