Տարազների և հնագույն նախշերով արծաթյա զարդերի ցուցահանդես-վաճառք՝ Ախալքալաքում

Տարազների և  հնագույն նախշերով արծաթյա զարդերի ցուցահանդես-վաճառք՝ Ախալքալաքում

PanARMENIAN.Net - Ախալքալաքի Գավառագիտական թանգարանում տեղի է ունեցել գորգերի, Հայաստանի տարբեր մարզերի հայկական ազգային տարազների և հնագույն նախշերով արծաթյա զարդերի ցուցահանդես-վաճառք: Ներկայացվել են Լիլիթ Մելիքյանի Հայաստանի տարբեր մարզերի հայկական հնագույն ազգային տարազների հավաքածուն, այլ աշխատանքներ «Տերյան» մշակութային կենտրոնից, ասեղնագործուհի Արփի Ավդալյանի աշխատանքները և Տաթև Հովակիմյանի պատրաստած արծաթյա զարդերը:

Վարպետների և ձեռագործների խումբն Ախալցխայում մասնակցել է «Ռաբաթ» գորգերի միջազգային փառատոնին և Միտրոպոլիտ Նիկոլոզի հրավերով այցելել Ախալքալաք, հաղորդում է Jnews.ge-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական փոխանորդ, վարդապետ Բաբկեն Սալբիյանը շնորհակալություն է հայտնել Միտրոպոլիտ Նիկոլոզին, որ նա հնարավորություն է տվել ախալքալաքցիներին տեսնել հին գորգերի այս հավաքածուն և հայկական ազգային տարազները:

«Մենք միշտ ցանկացել ենք ունենալ հին հայկական գորգերի և Հայաստանի տարբեր մարզերի ազգային տարազների նման ցուցահանդես: Նման միջոցառումները միշտ տեղի են ունենում մեծ քաղաքներում, և մեր ժողովուրդը հեռու է մնում նման միջոցառումներից: Շնորհակալություն նաև Տաթև Մուրադյանին, ով համաձայնեց ցուցադրվել նաև Ախալքալաքում», – ասել է Բաբկեն Սալբիյանը:

Տաթև Հովակիմյանը ներկայացրել է հայկական ճարտարապետության զարդանախշերով արծաթյա զարդեր, որոնք պատրաստել է իր ձեռքերով:

«Բոլոր զարդանախշերը վերցված են հնագույն եկեղեցիներից: Ես աշխատում եմ Ուրարտական ոճով և փորձում եմ պահպանել արծաթագործության հին ավանդույթները», – նշել է Տաթև Հովակիմյանը:

Արփի Ավդալյանն էլ ներկայացրել է ասեղնագործ աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրը եզակի է:

«Ասեղնագործված հնագույն զարդանախշերը ես տեղադրում եմ արծաթյա շրջանակներում, դրանք կարելի է օգտագործել», – ասել է Արփի Ավդալյանը:

Տաթև Մուրադյանը, որը ներկայացնում է «Հանգույց» ժողովրդական մշակույթի հիմնադրամը և «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցը, ասել է, որ «Տերյան» կենտրոնն ունի Ջավախքի և Ախալցխայի շատ տարազներ, և նրանք նորից կգան Ախալքալաք ցուցադրելու Ջավախքի տարազները:

«Ես կխոսեմ «Տերյան» կենտրոնի տնօրենի հետ, և մենք անպայման կցուցադրենք այստեղ Ջավախքի տարազները: Մենք պարզապես չգիտեինք, թե գալու ենք Ախալքալաք: Արդեն գտել ենք կապեր, համագործակցություն և պլանավորում ենք մեր ապագա այցը », – ասել է Տաթև Մուրադյանը:

Վարպետների և ձեռագործների խումբն արդեն երկրորդ տարին է մասնակցում են գորգերի միջազգային փառատոնին, իսկ Ախալքալաքում ցուցադրվում են առաջին անգամ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---