20 դեկտեմբերի 2007 - 18:19 AMT
ԵԽԽՎ-ում միասնական դիրքորոշում չկա Կոսովոյի հարցով
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) միասնական դիրքորոշում չկա Կոսովոյի անկախության հարցով: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը: «ԵԽԽՎ-ում վերջին քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ Կոսովոյի հարցով Վեհաժողովի անդամների դիրքորոշումները տարբեր են: Այժմ բարդ է կանխագուշակել` ինչպիսին կլինի Կոսովոյի հարցով քննարկման արդյունքը, որը անցնելու է հունվարի 21-25 Ստրասբուրգում: Տեսնենք` ինչ կլինի հունվարին, այժմ ինձ համար բարդ է կանխագուշակել արդյունքը»,- ասել է վան դեր Լինդենը: Միեւնույն ժամանակ, նա մատնանշել է, որ Ռուսաստանի եւ ԵԽԽՎ-ի շահերը շատ հարցերով համընկնում են, հաղորդում է ՌԻԱ Նոսվոստին:

Նշենք, որ երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԵՄ եւ ԱՄՆ ներկայացուցիչները փակ դռների ետեւում Կոսովոյի ճակատագրի հարցով քննարկումներից հետո պաշտոնապես հայտարարեցին, որ բանակցությունները ԱԽ շրջանակներում հաջողություն չունեցան, եւ այդ պատճառով հարցը պետք է լուծվի ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Ռուսաստանը պաշտպանել է Բելգրադի դիրքորոշումը, որը բացառում է սահմանների վերափոխումը` խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչը ընդունվել է որպես «բանակցային փակուղի» Անվտանգության խորհրդի ձեւաչափում, որտեղ ՌԴ-ն վետոյի իրավունք ունի: