20 դեկտեմբերի 2007 - 18:35 AMT
Թուրքիան ակտիվորեն համագործակցում է Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում
Թուրքիան ակտիվորեն համագործակցում է Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Երեւանում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը «Հայ-թուրքական հարաբերությունները. խնդիրներ եւ հեռանկաներ» լսումների ընթացքում: Նրա խոսքերով, «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այնպիսի դեպք չի եղել, որ Հայաստան այցելող պատվիրակության կազմում թուրք սպա չլինի: «Թուրքիան ակտիվորեն մասնակցել է Հայաստանում 2003 թվականին անցկացված «Best Efforts» զորավարժություններին, ընդ որում, զորավարժությունների համանախագահը թուրք գեներալ էր: Հայաստանն անընդհատ հրավերներ է ստանում Թուրքիայից վերջինիս տարածքում անցկացվող ՆԱՏՕ-ի միջոցառումներին մասնակցելու համար»,- ասել է նա:
Կարեւոր միջոցառումների շարքում Աղաբեկյանը նշել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարի այցելությունը Թուրքիա իր թուրք գործընկերոջ հրավերով: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ 2002 թվականին Հայաստանը մասնակցել է «Best Efforts» զորավարժություններին Վրաստանում, որտեղ զորավարժությունների հրամանատարը Թուրքիայի Գլխավոր շտաբի առաջին տեղակալն էր: «Հայկական ստորաբաժանումը ճանաչվել է լավագույնը եւ թուրքական հրամանատարությունը Հայաստանի ԶՈՒ ղեկավարությանը շնորհակալական նամակ է ուղարկել հայ զինվորականների պատրաստվածության մակարդակի վերաբերյալ»,- ասել է նա:
Ընդ որում, Աղաբեկյանը նշել է, որ Թուրքիան երբեք չի օգտագործել իր վետոյի իրավունքը Հայաստանում ՆԱՏՕ-ի միջոցառումների անցկացման հարցով: «ՆԱՏՕ-ի միջոցառումներն անցկացվում են կոնսենսուսի սկզբունքով, եւ Թուրքիան երբեք չի օգտագործել իր իրավունքները, որպեսզի մերժեն Հայաստան-ՆԱՏՕ համատեղ միջոցառումների անցկացումը»,- ընդգծել է Աղաբեկյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: