Razm.info. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակում է գյուղի մոտից ու բողոքում պատասխան հարվածից (վիդեո)

Razm.info. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակում է գյուղի մոտից ու բողոքում պատասխան հարվածից

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Ադրբեջանի բանակի կողմից Արցախի հայկական դիրքերին կրակելու ՊԲ հրապարակումից հետո ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական, ևս մեկը վիրավորվել է։

Սակայն ինչպես երևում է ադրբեջանական Ալխանլի գյուղի դիրքից և Google Maps առցանց քարտեզից, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դիրքավորված են գյուղի հարևանությամբ, իսկ տեղ-տեղ նաև գյուղի մեջ՝ բնակելի տների կողքին, գրում է Razm.info-ն:

Ավելին, Պաշտպանության բանակն իր ավելի ուշ հրապարակած հաղորդագրության մեջ նշում է, որ ադրբեջանական կողմը հուլիսի 4-ի առավոտյան ժամերից ականնետային կրակ է վարել հայկական դիրքերի ուղղությամբ։ Եվ միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը հենց Ալխանլի գյուղի կրակակետերից ՊԲ զորամասի հրամանատարական կետի ուղղությամբ կրակել է TR-107 կայաններով, հայկական կողմը պատասխան հարված է հասցրել, ինչի «արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին»։

Քարտեզ կազմված է դեռևս 2012 թվականի արբանյակային լուսանկարներից, հետևաբար ադրբեջանական դիրքերի և խրամատների տեսքը ներկայում կարող է և փոխված լինել։

Հուլիսի 4-ի երեկոյան Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ նույն օրն ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է TR-107 համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, ականանետներով և նռնականետներով։

Հայկական կողմը կրակոցների հետևանքով կորուստներ չի ունեցել։

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---