ՀՀ-ն և Իրանը կգործակցեն գյուղտեխնիկայի արտադրության ոլորտում

ՀՀ-ն և Իրանը կգործակցեն գյուղտեխնիկայի արտադրության ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը հուլիսի 5-ին ընդունել է Իրանի գյուղատնտեսական սարքավորումներ արտադրողների ասոցիացիայի փոխնախագահ Հոսսեյն Ռոուզաթիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև գյուղտեխնիկայի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:

«Մեր այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կիրառվող տեխնիկային և հարակից սարքավորումներին, դրանց հզորություններին, ինչպես նաև գործարար կապեր հաստատել տեղական արտադրողների հետ իրանական գյուղտեխնիկայի մատակարարման և նորագույն տեխնոլոգիաների ներմուծման նպատակով», - նշել է ասոցիացիայի փոխնախագահ Հոսսեյն Ռոուզաթին:

Այնուհետև կողմերը քննարկել են գյուղտեխնիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները: Տեղեկացնելով Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ծրագրերի վերաբերյալ` Մակարյանն առաջարկել է հյուրերին ուսումնասիրել նաև այդ ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունը:

Նախարարի տեղակալը հնարավոր է համարել նաև իրանական գյուղտեխնիկայի նմուշների ներկայացումը հոկտեմբերին Երևանում կայանալիք «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին, ինչը Ռոբերտ Մակարյանի համոզմամբ հնարավորություն կընձեռի հայ ֆերմերներին տեղում ծանոթանալ արտադրանքին:

«Նախքան իրանական տեխնիկան հայկական շուկա դուրս բերելը, հարկավոր է հայ ֆերմերներին տեղեկացնել դրանց հնարավորությունների և առավելությունների վերաբերյալ», նշել է Մակարյանը:

Հայ-իրանական համագործակցությունն առավել ամուր հիմքերի վրա դնելու նպատակով փոխնախարարն առաջարկել է իրանցի գործարարներին սերտորեն համագործակցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ և ստորագրել հուշագիր, որում կներառվի նաև միջոցառումների հստակ ժամանակացույց:

Որպեսզի իրանական գյուղտեխնիկան հայկական շուկայում լինի մրցունակ և ունենա պահանջարկ` Մակարյանը միաժամանակ ընդգծել է բարձր որակի և մատչելի գների ապահովման կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գյուղտեխնիկայի հավաքման համատեղ կենտրոնի ստեղծման հնարավորությունը:

Հանդիպմանը ներկա էին նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, գյուղատնտեսական սարքավորումներ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---