3 տարում ՌԴ-ից ՀՀ տրանսֆերտները կրճատվել են 38,4%-ով

3 տարում ՌԴ-ից ՀՀ տրանսֆերտները կրճատվել են 38,4%-ով

PanARMENIAN.Net - Ռուսաստանից Հայաստանը ստանում է տրանսֆերտներ, որոնք կազմում են երկիր ընդհանուր ներհոսող տրանսֆերտների մոտ 80 տոկոսը: Այս մասին հուլիսի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություն»-ը ներկայացնելիս ասել է հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, 2014 թվականի կեսերից, երբ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ են կիրառվել, ՌԴ-ում նկատվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղում:

«Սրա արդյունքում տրանսֆերտները, եթե երեք տարին մենք կուտակային նշենք, անկում են ապրել մոտ 38,4%: Անվանական առումով $830 միլիոնի կարգի է»,-ասել է նախարարը:

2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ դրամական ներհոսքը կազմել է մոտ $313 մլն: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն, տրանսֆերտների ավելի քան $165 մլն-ն եղել է Ռուսաստանից:Միևնույն ժամանակ ՀՀ-ից դրամական արտահոսքը կազմել է $183.5 մլն, որից ավելի քան $66 մլն-ն՝ դեպի ՌԴ:Հաշվետու ժամանակահատվածում զուտ ներհոսքը կազմել է $129.5 մլն:

Անդրադառնալով տնտեսական աճին, նախարարը նշել է, որ 2016 թվականը մենք ամփոփել ենք 0,2 տոկոս տնտեսական աճով, թեև ծրագրված է եղել 2,2 տոկոս տնտեսական աճ, գրում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ տնտեսական աճին, ըստ ճյուղային կառուցվածքի, հիմնականում նպաստել են արդյունաբերության և ծառայությունների ճյուղերը. 0,2 տոկոս տնտեսական աճի 0,8 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերության հաշվին, 1,9 տոկոս կետը՝ ծառայությունների:

«Երկու ճյուղ բացասական է նպաստել տնտեսական աճին՝ շինարարություն և գյուղատնտեսություն: Գյուղատնտեսությունում նկատվել է 5,8 տոկոս տնտեսական անկում, շինարարությունում՝ 10,8 տոկոս»,- ասել է նախարարը:

Նախարարը հիշեցրել է, որ 2014 թվականից այս կողմ ՌԴ տնտեսության և Եվրաատլանտյան բլոկի միջև սկսվեց տնտեսական հակամարտություն, որը վերածվեց տնտեսական սանկցիաների:

«Ռուսաստանի տնտեսությունը տարածաշրջանում ունի էական ազդեցություն, հետևաբար անուղղակի մեր վրա է ազդել այս սանկցիաների պատերազմը: Փաստը մնում է փաստ, որ 2014 թվականից այս կողմ Ռուսաստանի տնտեսությունում նկատվել են անկումներ, որոնք տրանսֆերտների, մեր արտահանման նկատմամբ պահանջարկի միջոցով տեղափոխվել է նաև մեր երկիր»,- ասաց Վ.Արամյանը:

Քննարկման ժամանակ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին չի գոհացրել հիմնական զեկուցողի դիտարկումը, թե 2016-ին եղել են բացասական զարգացումներ ՌԴ-ի նկատմամբ կիրառված սանկցիաների պատճառով:

«Դուք ասում եք՝ բացասական զարգացումներ են եղել՝ Ռուսաստան, ԵԱՏՄ, սանկցիաներ… Այնպիսի տպավորություն է, որ բոլորը մեղավոր են այս վիճակի համար, բացի ՀՀ իշխանություններից: Կա՞ ինչ-որ հաջողության պատմություն, որն արձանագրել է այս կառավարությունը: Մի բան ասեք, որ կարողացել եք փոխել: Այս կառավարությունը ստանձնել է նախորդի բյուջեն, մեզ համար տարբերություն չկա, իշխանությունը նույնն է, ինչ-որ բան փոխե՞լ եք, եթե ոչ, էլ ինչո՞ւ եք դուք եկել», - հարցրել է Էդմոն Մարուքյանը, գրում է Aysor.am-ը:

Նախարարն էլ նշել է, որ ինքը իրատես է և պատճառաբանել, որ հնարավոր չէ տրանսֆերտների անկում լինի և քո վրա չազդի:

«Մենք խոսում ենք ճիշտ արձագանքի մասին, որը հակացիկլիկ քաղաքականությունն է: Որևէ բան հենց այնպես չի լինում, 2016 թվականին մենք ծրագրվածից ավել կապիտալ ծախսեր ենք արել, որ ավելի հզորացնենք 2017-ի տնտեսական հիմքերը», - ասել է Արամյանը:

Էդմոն Մարուքյանն էլ նշել է, թե շատ վատ ժամանակահատված է խնդիրները լուծելու համար. «Իշխանափոխություն պիտի լիներ, որ այս հարցերը լուծվեին, այդ իրավիճակի մեջ դուք չեք կարող երկիրը փոխել», - հակադարձել է պատգամավորը:

«Մենք չէինք կարող ազդել Ռուսաստանի տնտեսության վրա», - ի պատասխան ասել է Արամյանը:

 Ուշագրավ
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
---