24 դեկտեմբերի 2007 - 17:54 AMT
Ռուսաստանն ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման համար
Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովը: «Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ, որ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվեն: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է նրանից, թե կողմերն ինչպես կպայմանավորվեն: Տվյալ դեպքում դյուրին որոշումներ չկան եւ չեն էլ լինի: Այս կամ այն որոշումը բռնի կերպով իրականացնել հնարավոր չէ, իսկ եթե հնարավոր է, ապա այն անկենսունակ կլինի»,-ասել է Դենիսովը: Դիվանագետի խոսքերով, չկարգավորված հակամարտությունների առկայությունը ԱՊՀ տարածքում չի հեշտացնում կյանքը, այլ բարդացնում է համագործակցությունը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով չեն անցկացվում խոշոր միջոցառումներ Ադրբեջանի եւ Հայաստանի մայրաքաղաքներում, ավելորդ խնդիրներ չառաջացնելու համար»,-նշել է ռուս դիվանագետը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: