7 հուլիսի 2017 - 15:14 AMT
Թումո ստուդիաների տան դիզայն է ներկայացվել

Երևանում Թումո ստուդիաների տուն է կառուցվելու: 2017-ի գարնանը ճարտարապետների հինգ խումբ սկսել են աշխատել այդ հաստատության դիզայնի իրենց տարբերակը ստեղծելու ուղղությամբ։

Նրանց խնդրել էին պատկերացնել Թումո ստուդիաների՝ 4000 ք.մ. տարածք զբաղեցնող ապագա տունը։ Թումոյի նոր նախաձեռնությունը կենտրոնացած է անալոգային արտադրանք ստեղծելու վրա։ Ճարտարապետներին տրված առաջադրանքը հավակնոտ էր. ստեղծել յուրահատուկ շինություն Թումանյանի այգու սահմանին՝ Կիևյան կամրջի մոտ։

Պետք էր մշակել այնպիսի դիզայն, որպեսզի այն ժամանակակից դիզայներական տենդենցների առաջամարտիկներ հանդիսացող դիզայներների, արհեստավորների և վարպետների համար ուսուցման կենտրոն և տուն դառնա։ Դեռ ավելին կա։ Կենտրոնը, որը պետք է կառուցվի այգու սահմանին, պետք է դառնա դրա բնական շարունակությունը՝ հարմար մարդկանց և անվնաս բնությանը։

(Հաղթած դիզայնը PLATFORM-ից, տեսարանը՝ գետի ափից)

Հաղթող է դարձելԼոնդոնյան PLATFORM ընկերության առաջարկած նախագիծը: Դրա ստուդիաներն ու արհեստանոցները բաշխված են ընդհանուր հանրային տարածքի շուրջ, իսկ բազմաստիճան տանիքները կրկնապատկում են արդեն իսկ այգում հասանելի կանաչ տարածքը։ Բնական կերպով հարմարվելով վայրի տեղանքին և ունենալով դեպի հյուսիս նայող մեծ պատուհաններ՝ այս դիզայնը արդյունավետ է օգտագործում կլիմայի կառավարման պասիվ լուծումները՝ նվազագույնի հասցնելով ինչպես վնասակար նյութերի արտանետումը, այնպես էլ շինության սպասարկման ծախսերը։

(Հաղթած դիզայնը PLATFORM-ից տեսարանը՝ Թումանյանի այգուց)

Մրցույթին ներկայացված մյուս նախագծերը նույնպես ստեղծարար էին։ «Ստորակետ» ճարտարապետական ստուդիաների ներկայացրած դիզայնը հիմնված էր մի հետաքրքիր նախագծի վրա, որն ամբողջովին կազմված էր տրանսպորտային կոնտեյներներից։ Փոքրացնելով կառուցման ծախսերը և ունենալով մոդուլային դասավորություն՝ «Ստորակետ» ճարտարապետական ստուդիաների դիզայնը հնարավորություն էր տալիս ապագայում մեծացնել շինությունը և նույնիսկ ավելացնել և պակասեցնել մասեր՝ տեղաշարժվող կոնտեյներների տեսքով։

(«Ստորակետ» ճարտարապետական ստուդիաների դիզայնը նախատեսում էր կառուցապատում տրանսպորտային կոնտեյներներով)

NORA-ն Ճապոնիայից, Իրանից և Նիդերլանդներից երեք երիտասարդ ճարտարապետների թիմ է։ Նրանք Թումո ստուդիաների արհեստանոցները տեղակայել էին ընդհանուր ներքին բակը շրջապատող օղակի վրա։ Ինչպես նախորդ երկու լուծումները՝ այս դիզայնը ևս զուսպ էր, և դրանում օգտագործված էին վայրի տեղագրության ընձեռած բոլոր հնարավորությունները։ NORA-ն իր առաջարկն արել էր SLA-ի (լանդշաֆտային դիզայն), Terrell-ի (ինժեներական մաս) և Tegmark-ի (վիզուալ մաս) հետ համագործակցությամբ։

(NORA-ի դիզայնը բաղկացած էր լանջը գրկող երկրաչափական օղակից)

Տեղական ARCHcoop ընկերության լուծումը ներառում էր բարձր կառույց, որը կրկնում է Կիևյան կամրջի ուղղահայացությունը, ինչպես նաև ներառում էր հորիզոնական տարածություններ, որտեղ պիտի տեղակայված լինի նախագծի ֆունկցիոնալ տարածքների մեծ մասը։ Վայրի բնական թեքությանը հարմարվելու փոխարեն՝ ARCHcoop-ի նախագիծը գնում է դրան հակառակ՝ նվազագույնի հասցնելով դրա հետքը կառուցապատման մեջ։

(ARCHcoop-ի դիզայնը համատեղում է աչքի ընկնող ուղղահայաց էլեմենտը հորիզոնական տարածությունների հետ)

Շինարարությունը կմեկնարկի 2018 թվականի գարնանը։ Թումո ստուդիաների այս նոր տունը կարևոր վայր կդառնա Հայաստանի դիզայներների համար: