Forbes-ի անդրադարձը. Ալիևի ռեժիմը չի կարող իրեն երկարաժամկետ պատերազմ թույլ տալ

Forbes-ի անդրադարձը. Ալիևի ռեժիմը չի կարող իրեն երկարաժամկետ պատերազմ թույլ տալ

PanARMENIAN.Net - Forbes պարբերականն անդրադարձել է վերջին շրջանում արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական ագրեսիայի հաճախակի դրսևորումներին և վերլուծել դրա պատճառահետևանքային կապը Ադրբեջանի՝ անկում ապրող տնտեսության հետ:

«Մայիսի 18-ին Ադրբեջանն առաջացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ապա՝ նաև Ռուսաստանի արտգործնախարարության զայրույթը՝ խախտելով նախորդ տարի հակամարտող կողմերի միջև հաստատված անկայուն հրադադարը: Սա բավականին եզակի քննադատություն է պատմականորեն չեզոք կառույցների կողմից»,- գրում է հոդվածի հեղինակ Մովսես Տեր-Հովհաննիսյանը:

Նա նշում է, որ օգտագործելով իսրայելական Spike հակատանկային հրթիռային համակարգը՝ Ադրբեջանը թիրախավորել է Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը, և սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ադրբեջանը մի քանի անգամ պարբերաբար հայտարարել էր Հայաստանի կողմից բռնության դրսևորման մասին, գրում է Արցախպրեսը:

«Հենց նույն շաբաթվա ընթացքում, երբ թիրախավորվեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը, Ադրբեջանի միջազգային բանկը ձախողեց 100 մլն վարկի վճարումը և Նյու Յորքում հայտարարեց իր սնանկացման մասին: Դրանից հետո բանկը Ադրբեջանի էներգետիկ հսկա համարվող պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին տրամադրեց 2 մլրդ դոլար վարկ, սակայն ընկերությունը նույնպես չարդարացրեց սպասելիքները և համաշխարհային վարկանիշային «S&P Global Rating» ընկերության կողմից արժանացավ բացասական գնահատականի»,- ընդգծում է հոդվածագիրը:

Վարկային վարկանիշների կտրուկ նվազում, նավթի և գազի արտադրության անկում, երկրի շինարարական հատվածի հետընթաց, դրան զուգահեռ գնաճ. հեղինակն Ադրբեջանում տիրող իրավիճակը համեմատում է «հոլանդական հիվանդության» հետ, երբ տնտեսության որոշակի հատվածի առաջխաղացումը զուգակցվում է մյուս հատվածների անկման հետ: Նավթային եկամուտներից կախված իր իշխանությունը պահպանել ցանկացող Ալիևին մնում էր ոչ այլ ինչ, քան հանգստացնել բնակչությանը՝ համախմբելով դրոշի շուրջ:

Հեղինակի խոսքով՝ Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակի հաճախակիացող սրումը միանշանակ պայմանավորված է թե երկրի տնտեսության անկմամբ, թե Ադրբեջանի մեծ ցանկությամբ՝ բացահայտելու վերջին տասնամյակում Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից գնված զինտեխնիկայի կարողությունները: Իսկ Թալիշ գյուղի մոտակայքում վերջերս 10 տանկերի տեղակայումն ու դուրսբերումը հեղինակը համարում է ոչ այլ ինչ, քան մոլորության մեջ գցելու նպատակ հետապնդող մի ծրագիր. Ադրբեջանն այսպես փորձարկումներ է իրականացնում:

«Ալիևի ռեժիմը չի կարող իրեն թույլ տալ երկարաժամկետ պատերազմ այն դեպքում, երբ իր նավթային ենթակառուցվածքը հնարավոր է հայտնվի սպառնալիքի տակ, ուստի այն պարզապես սահմանափակվելու է բախումներով, ինչին ականատես եղանք նախորդ տարի»,- եզրափակում է Forbes-ի հոդվածագիրը:

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:

Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---