26 դեկտեմբերի 2007 - 12:42 AMT
Սերբիան զգուշացնում է հնարավոր պատասխան միջոցների մասին` Կոսովոյի անկախության ճանաչման դեպքում
Սերբիան մտադիր է մի շարք պատասխան միջոցներ ձեռնարկել` արեւմտյան տերությունների կողմից Կոսովոյի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու դեպքում: Հնարավոր միջողցների թվում քննարկվում է նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրամիության երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցում: Այդ մասին հայտարարել են պաշտոնական Բելգրադի ներկայացուցիչները: Բացի այդ, Սերբիան չի ընդունում ԵՄ խաղաղապահ ուժեր Կոսովոյում տեղակայելու գաղափարը, քանի դեռ լուծված չէ երկրամասի կարգավիճակի մասին հարցը: Ըստ Սերբիայի ներկայացուցիչների, ԵՄ առաքելությունը կխախտի Սերբիայի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»:

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հրապարակեց Սերբիային ուղղված Եվրամիության առաջարկը` առ այն, որ Սերբիան կարող է միանալ ԵՄ-ին «Կոսովոյի անկախությանը հարգալից վերաբերմունքի դիմաց»: Ն.Սարկոզին հաղորդել է, որ ԵՄ-ն մտադիր է Կոսովո գործուղել 1,8 հազար զինծառայողներից բաղկացած խաղաղապահ առաքելություն: Նրանք պետք է փոխարինեն ՄԱԿ-ի զորակազմին:

Սերբիայի վարչապետ Վ. Կոշտունիցան մերժել է ԵՄ-ի առաջարկն, անվանելով «այն վիրավորական», ինչպես նաեւ քննադատել է Եվրամիության որոշումը Կոսովո խաղաղապահներ գործուղելու վերաբերյալ` ընդգծելով, որ դա կհանգեցնի «սերբական հողի վրա խամաճիկային պետության» ստեղծմանը:

Մինչդեռ, այսօր Սերբիայի Նարոդնայա Սկուպշչինան պետք է հատուկ բանաձեւ ընդունի Կոսովոյի վերաբերյալ: Բանաձեւը պարունակում է Սերբիայի կառավարության գործողությունների հիմնական ուղղությունները առաջիկայի համար: Հատկապես նշվում է, որ «Կոսովոյի եւ Մետոխիայի որպես Սերբիայի բաղկացուցիչ մասի պաշտպանությունը հիմնական առաջնայնությունն է բոլոր պետական մարմինների, հաստատությունների եւ կազմակերպությունների համար` ընդհուպ մինչեւ այն պահը, երբ Կոսովոյի հարցը կլուծվի փոխզիջումային ճանապարհով»:

1999 թվականից ի վեր Կոսովոյում գործում է ՄԱԿ-ի խաղաղապահ մանդատը, որը սահմանվեց ՆԱՏՕ-ի զորքերի կողմից Բելգրադի ռմբակոծություններից հետո: