Նալբանդյան. ԵՄ-ից ՀՀ-ին միասնական աջակցության բանակցությունները սկսվում են

Նալբանդյան. ԵՄ-ից ՀՀ-ին միասնական աջակցության բանակցությունները սկսվում են

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Քիշնևում կայացած Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։Նալբանդյանը հայտնել է, որ Հայաստանը և ԵՄ-ն ավարտել են 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների մշակումը, և հուլիսի 11-ին Երևանում մեկնարկելու են այդ նույն ժամանակաշրջանի համար ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք միասնական աջակցության շրջանակի շուրջ բանակցությունները:

Նախարարը հանդես է եկել ելույթով, որում նա մասնավորապես ասել է. «Կան նաև որոշ առկախ հարցեր, որոնցից մեկին կցանկանայի անդրադառնալ՝ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Շարժունակությունն ու մարդկանց միջև շփումները, որոնք ընկած էին Արևելյան գործընկերության հիմքում, պետք է շարունակեն մնալ որպես այդպիսին:

Ինչ վերաբերում է մեր համագործակցության հեռանկարներին, ես կցանկանայի հիշատակել Յոհաննես Հանի` Լյուքսեմբուրգում կայացած նախարարական հանդիպմանը հնչեցրած գաղափարներին, մասնավորապես, նրանց, որոնք վերաբերում են Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ընդլայնմանը, ռոումինգի սակագների հարմոնիզացիային և նվազեցմանը, ինչպես նաև գործընկեր երկրներում տեղական արժույթով Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորմանը: Կարծում եմ, որ այս առաջարկները կարող են ներառվել մեր ապագա համագործակցության օրակարգում, որը, հուսով եմ, համալրված կլինի բազմաթիվ այլ փոխշահավետ ծրագրերով»:

Նալբանդյանը նաև անդրադարձել է «20 արդյունք մինչև 2020» փաստաթղթին: «Այն, հիրավի, գալիք տարիների գործողությունների ծրագիր է, որը նախանշում է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարները», - ասել է նա:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Եվրոպական միության հետ արդյունավետ համագործակցությունն իր նպաստն է բերել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացում և այս տարվա ապրիլին խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը, որոնք արժանացել է մեր գործընկեր երկրների և մասնագիտացված միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականին:

«Հայաստանը նպատակադրված է շարունակելու բարեփոխումները: Եվրոպական միությունը եղել և մնում է մեր վստահելի գործընկերն այս գործընթացներում։

Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ գործընկերությունը և ակնկալում է ապագա արդյունավետ համագործակցություն», - հավելել է Նալբանդյանը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ ԱԳՆ-ն ակնկալում է՝ 2017-ի աշնանը՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, կստորագրվի Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---