Վարորդների բուժզննում, էլեկտրոնային տոմսերի վաճառք, ավտոկայանների բարեգարկում. Նախարարի շրջայցը

Վարորդների բուժզննում, էլեկտրոնային տոմսերի վաճառք, ավտոկայանների բարեգարկում. Նախարարի շրջայցը

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շրջայց է կատարել Երևանի «Կենտրոնական» և «Հարավային» ավտոկայարաններով։

Մարտիրոսյանը հետաքրքրվել է նաև ավտոկայարանում տեղակայված բուժկետի գործունեությամբ։ Նշվել է, որ մինչև երթուղի դուրս գալը վարորդները բուժզննում են անցնում։ Հաճախ նաև ուղևորներն են դիմում։

«Կենտրոնական» ավտոկայարանի տնօրենն ու փոխտնօրենը նախարարին ներկայացրել է աշխատանքային գործընթացը։ Նշեցին, որ տոմսերը վաճառվում են տոմսարկղերում, մեքենաներն էլ մեկնում են ըստ սահմանված ժամանակացույցի, առանց ժամային շեղումների։ Ուղևորները հաստատալ են, որ տոմսը գնել են, ճիշտ ժամին շարժվում են։ Չնայած առկա դրական տեղաշարժերին, տոմսերը դեռ ավանդական՝ տոմսարկղային եղանակով են վաճառվում, տոմսարկղերի մոտ հերթեր են գոյանում։

Ավտոկայարանի տնօրենը նշել է, որ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, որպեսզի կարճ ժամանակահատվածում անցում կատարեն տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգին:

Նախարարի ուշադրությունը գրավել է նաև ավտոկայարանի տարածքում մեկնման համար նախատեսված հատվածներում կայանած մեքենաների, այդ թվում՝ տաքսիների առատությունը։ Տնօրենը պատճառաբանեց, որ ուղևորներին ճանապարհելու և դիմավորելու եկած մեքենաներ են։

Նախարարը հանձնարարել է այդ մեքենաների համար կայանման տարածք առանձնացնել և թույլ չտալ, որ կուտակումները խանգարեն կանոնավոր ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների կայանելուն ու ելումուտին։ Իսկ տաքսիները կկանգառեն նախատեսված վայրերում։

Խնդրահարույց են նաև ավտոկայարանի շենքային պայմանները. տասնյակ տարիներ չվերանորոգված շենքի տանիքը կաթում է, սանհանգույցները վատ վիճակում են: Վահան Մարտիրոսյանը հանձնարարել է կազմել նախահաշիվ, որպեսզի անհրաժեշտ գումարի առկայության դեպքում խնդիրներին աստիճանական լուծում տրվի:

«Հարավային» ավտոկայարանից ուղևորափոխադրումներ են կատարվում դեպի Հայաստանի հարավային բնակավայրեր՝ Մասիս, Արտաշատ, Արարատ, Դվին, Գորիս, Մեղրի և այլ ուղղություններով։

Ավտոկայարանում սպասասրահ չկա։ Այդ նպատակով սկսված շենքի շինարարությունն ընդհատվել է՝ շինարարի կողմից շինարարության նորմերի խախտումների պատճառով։ Մինչ խնդիրների կարգավորումը՝ մի փոքր տարածք է առանձնացվել, մի քանի նստարաններ են տեղադրվել։

Նախարարը հանձնարարել է կարճ ժամանակում ավտոկայարանի տարածքն առանձնացնել, բարեկարգել, լուծել սպասասրահի կառուցման խնդիրները, ուղևորների համար նորմալ պայմաններ ապահովել։

Ավտոկայարանների գործունեությունը գտնվում է նախարար Վահան Մարտիրոսյանի ուշադրության կենտրոնում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---