Քաղաքապետարան. Քննարկվում է կայանելու համար լրացուցիչ վճարի վերացումը

Քաղաքապետարան. Քննարկվում է կայանելու համար լրացուցիչ վճարի վերացումը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը գրավոր դիմել է բջջային կապի օպերատորներին՝ քննարկելու SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի գանձման ձևաչափում հնարավոր փոփոխության հարցը:

Հուլիսի 7-ին «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տարածել է հայտարարություն այն մասին, որ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի համար գանձվող գումարի փոփոխություն կարող է նախատեսվել:

«Թեև արդեն իսկ պարզաբանել ենք, որ ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում, և խնդիրը վերաբերում է վճարման ձևաչափով պայմանավորված լրացուցիչ առաջացող գումարներին, այդուհանդերձ հարկ ենք համարում նշել, որ, որպես Երևան համայնքի շահերից հանդես եկող կառույց, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ տարածքում ծառայություն մատուցող բջջային օպերատորները մտահոգված են ստեղծված իրավիճակով։

Տեղեկացնում ենք, որ խնդրի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը գրավոր դիմել է բջջային կապի օպերատորներին՝ քննարկելու SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի գանձման ձևաչափում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը, ինչը հնարավորություն կտա վերացնելու լրացուցիչ ԱԱՀ-ի վճարման անհրաժեշտությունը, ինչպես նաև էապես կնվազեցնի գանձման հետ կապված հավելյալ այլ ծախսերը», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։

Նշվում է, որ միաժամանակ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի և կառույցների հետ՝ խնդրին առնչվող կողմերի հետ փոխգործակցությամբ հնարավոր լուծումներ գտնելու համար։ Նախնական քննարկումների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ խնդիրը բոլորի համար ընդունելի պայմաններով լուծելու վերաբերյալ։

Օգոստոսի 1-ից կթանկանա Երևանում վճարովի կայանատեղերում 1 օրով մեքենան կայանելու համար նախատեսված գինը: 5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս վարորդների հեռախոսահամարի հաշվից կգանձվի 748 դրամ գումար՝ ներկայից 500-ի փոխարեն: Այս մասին է հայտնել Parking city service ընկերությունը:

Նշվածից 500 դրամը կգանձվի ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամը՝ որպես միջնորդավճար, 123.4 դրամը՝ որպես ԱԱՀ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---