Կենսաբաններին հաջողվել է կարճ տեսահոլովակ գրանցել աղիքային ցուպիկի ԴՆԹ-ում

Կենսաբաններին հաջողվել է կարճ տեսահոլովակ գրանցել աղիքային ցուպիկի ԴՆԹ-ում

PanARMENIAN.Net - ԱՄՆ գենետիկներին հաջողվել է կարճ տեսահոլովակ գրանցել աղիքային ցուպիկի ԴՆԹ-ում՝ այդպիսի տվյալները փոխանցվում են սերնդեսերունդ և հեշտությամբ են նորից ընթերցվում:

Հարվարդում աշխատող հայտնի գենետիկ Ջորջ Չըրչը գործընկերների հետ ցուցադրել է կենդանի օրգանիզմները որպես տեղեկատվության կրիչներ օգտագործելու հնարավորությունները՝ անհրաժեշտ տեղեկությունները գրանցելով անմիջապես դրանց գենոմի մեջ: Այդ մասին գիտնականները պատմել են Nature ամսագրում հրապարակված հոդվածում:

Ջորջ Չըրչը հայտնի է որպես ԴՆԹ սեկվենավորման մեթոդների և գենետիկորեն մոդիֆիկացված CRISPR/Cas9 տեխնոլոգիաների ստեղծման գործում մեծ ավանդ ունեցող գիտնական:

ԴՆԹ-ն տեղեկատվության մեզ հայտնի լավագույն կրիչներից է: Տեսականորեն 1 գ ԴՆԹ-ն կարող է պահպանել մինչև 455 էքսաբայթ տեղեկատվություն: Ուստի գենետիկները բազմիցս են տվյալները փոխանցել արհեստականորեն սինթեզված ԴՆԹ-ի նուկլեոտիդների հաջորդականության մեջ: Սկզբունքորեն նույն կերպ են վարվում նաև կենդանի օրգանիզմները, բակտերիաները, որոնք օգտագործում են CRISPR/Cas9 համակարգը իրենց ԴՆԹ-ում «իմունային հիշողությունները» պահպանելու համար:

CRISPR համակարգն են օգտագործել նաև Հարվարդի գիտնականները, Cas1 և Cas2 սպիտակուցների համադրությամբ, այդ նպատակների համար սովորաբար կիրառվող Cas9 նուկլեազա-ֆերմենտի փոխարեն:

Թվային տեսքով ներկայացվել է 6 պատկեր՝ մարդկային ձեռքի լուսանկարն ու ընթացող ձիու 5 հաջորդական լուսանկար, որոնք 1878-ին արել է Էդվարդ Մեյբրիջը: Թվային տվյալները վերակոդավորվել են նուկլեոտիդների հաջորդականության, որոնց հիման վրա հեղինակները սինթեզել են ԴՆԹ-ն: Այդ նյութերը ներարկել են աղիքային ցուպիկի բջիջների մեջ՝ նախապատրաստված էլեկտրապորացիայով: Հետո ուժի մեջ է մտել CRISPR համակարգը, գրում է science.ru-ն:

Ի՞նչ հետևանքներ սա կունենա: Կհայտնվե՞ն արդյոք անձնական տվյալների, բուժպատմության պահպանման նոր տեխնոլոգիաներ մարդու բջիջների ԴՆԹ-ում: Ի՞նչը կփոխանցվի ժառանգաբար: Արդյո՞ք գրքեր կկարողանանք գրանցել միկրոբների գենոմում՝ պահպանելու համար դրանք կենսոլորտի գոյատևման ամբողջ ընթացքում...Հնարավոր է այս ամենը հեռավոր ապագայի հարցեր են, սակայն արդեն առաջիկայում Չըրչի նախագծի շնորհիվ կարող են գենետիկայի և կենսաբանության նոր մեթոդներ հայտնվել: Օրինակ, բջիջը կարող է «հագեցվել» սեփական կյանքի ու զարգացման առանցքային իրադարձությունների գրանցման մեխանիզմներով, այնպես որ գիտնականներին կմնա միայն կարդալ այդ «ԴՆԹ բլոգը», ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---