Սարգսյան. ՀՀ-ն շարունակելու է ջանքերը Ֆրանսիայի հետ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ

Սարգսյան. ՀՀ-ն շարունակելու է ջանքերը Ֆրանսիայի հետ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Հանրապետության նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:

Նախագահ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը երկկողմ հարաբերություններն ու հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը շարունակաբար ամրապնդելու ուղղությամբ:

Դեսպան Շարպանտիեին նա խնդրել է ողջույններ փոխանցել նախագահ Էմանուել Մակրոնին:

Նախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ֆրանսիականհարաբերությունները տարբեր բնագավառներում ընդլայնելու և խորացնելու հնարավորություններն ու երկուստեք կարևորել սերտ փոխգործակցությունը նաև Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում:

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին դեսպանություն այցելության, ջերմ շնորհավորանքի և բարեմաղթանքների համար:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Ֆրանսիայի միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և այսօր մեր պետությունների միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա համակողմանի զարգացման և խորացման համար:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Նախագահն իր ուղերձում նաև նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության:

«Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական ընտանիքին մերձեցմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում մեր երկրների միջև հաստատված սերտ համագործակցությունը:

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն»,-ասված է Ֆրանսիայի նախագահին ուղղված ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է իր գլխավոր տոնը՝ Բաստիլի գրավումը: 1789թ. հուլիսի 14-ին ապստամբած փարիզեցիները գրավեցին բանտ-ամրոց Բաստիլը: Համարվում է, որ հեցն դա սկիզբ դրեց ֆրանսիական հեղափոխությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---