8 հունվարի 2008 - 15:55 AMT
ԵԱՀԿ գործող նախագահը դեռեւս չի պատրաստվում այցելել Հարավային Կովկաս
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դեռեւս չի պատրաստվում այցելել Հարավային Կովկաս: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ԵԱՀԿ մամլո քարտուղար Մարտին Նեսիրկին: Նրա խոսքերով, ԵԱՀԿ յուրաքանչյուր գործող նախագահ այցելում է մեծ նշանակություն ունեցող տարածաշրջաններ, սակայն Հարավային Կովկաս Իլկա Կաներվայի այցելության ժամկետները դեռ պարզ չեն:

Նշենք, որ ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը, հղում կատարելով Ֆինլանդիայի ԱԳՆ-ին, հաղորդել է, որ «2008 թվականի գարնանը ծրագրում է այցելել Հարավային Կովկասի երկրներ»:

Ֆինլանդիայի ԱԳՆ-ում PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել են, որ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հնարավոր այցելության մասին տեղեկատվություն չունեն:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը դեկտեմբերին Իլկա Կաներվան նշել էր, որ պատրաստվում է այցելել տարածաշրջան առաջիկա տարեսկզբում: