Հասրաթյան. 2016-ի ապրիլին հայկական կողմը մոտ 500 հեկտար է կորցրել

Հասրաթյան. 2016-ի ապրիլին հայկական կողմը մոտ 500 հեկտար է կորցրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հուլինի 13-ին ծավալուն հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի գործակալությանը՝ անդրադառնալով նաև 2016-ի ապրիլյան պատերազմին: Հուլիսի 14-ին նրան պատասխանել է ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ ֆեյսբուքյան էջում հատված հրապարակելով իր դեռ լույս չտեսած «Ապրիլյան քառօրյա առճակատում» մենագրությունից:

PAN-ն առանձնացրել է երկու տեքստերի կարևորագույն կետերը:

1. Ըստ Ադրբեջանի ՊՆ ղեկավարի, ապրիլյան մարտերին մասնակցել է Ադրբեջանի բանակի անձնակազմի 15-20 տոկոսը: Վերլուծելով բաց աղբյուրներում ներկայացված ԶՈւ թվաքանակի մասին տվյալները, ստացվում է մոտ 20.000 (թիվը մոտավոր է զինծառայողների մասին տվյալների միջև մեծ տարբերությունների և Հասանովի հայտարարության մեջ հստակության բացակայության պատճառով՝ նա չի պարզաբանել, թե նկատի ուներ միայն ցամաքային զորքերը, թե ընդհանուր քանակը, այդ թվում սահմանապահներին և այլն՝ խմբ.):

2. Հասրաթյանը հայտարարել է, որ համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, միայն ապրիլի 2-5-ը հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային ուժերը արցախյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակեցին մոտ 30.000 արկ (օրը մոտ 7500 արկ): Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ դրեց իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ «Սմերչ», Kasirga, «Ուրագան», GRADLAR համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, «ՏՕՍ-1Ա» (Սոլնցեպյոկ) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ:

Ապրիլի 5-ից մինչև ապրիլի 30-ը հայկական բնագծերի և ճակատամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժն արձակեց մոտ 104.000 կրակոց, որից ավելի քան 4500-ը հրանոթներից, «Գրադ» և TR-107 տիպի կայանքներից, տանկերից, ՀՄՄ-ներից և խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:

3. Հասրաթյանն ասել է նաև, որ քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում, հակառակորդին հաջողվեց մարտագծի հարավային թևում տիրել 1500մ լայնությամբ և 450մ խորությամբ բնագծի (67,5հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝վերահսկողության տակ առնել 4300մ լայնությամբ և 1000մ խորությամբ առաջնագիծ (430հա) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավեց 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված մոտ 500 հեկտար տարածք:

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ հայկական կողմը մոտ 800 հա տարածք է կորցրել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---