Ժնևում հերթական անգամ ձախողվել են Սիրիայի գծով բանակցությունները

Ժնևում հերթական անգամ ձախողվել են Սիրիայի գծով բանակցությունները

PanARMENIAN.Net - Անարդյունք են ավարտվել Սիրիայի պատերազմի դադարեցման շուրջ հերթական բանակցությունները: ՄԱԿ հովանու ներքո Ժնևում անցկացվող բանակցությունների հերթական, արդեն 7-րդ փուլը, ակնկալվող բեկումը չի գրանցել: Այդ մասին հուլիսի 15-ին հայտարարել է Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան:

Նա հույս է հայտնել, որ բանակցությունների հաջորդ փուլում, որը նախատեված է սեպտեմբերին, հակամարտության կողմերը համաձայն կլինեն գոնե բանակցությունների նույն սեղանի շուրջ նստել, գրում է Deutsche Welle-ն:

Մինչ օրս Սիրիայի կառավարության և ապստամբների ներկայացուցիչները Ժնևում շփվում են միջնորդների օգնությամբ: Ըստ Դե Միստուրայի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պատվիրակությունը անցումային փուլի մասին բանակցելու ոչ մի պատրաստակամություն չի հայտնել: Մինչդեռ գլխավոր ընդդիմադիր «Գերագույն բանակցային կոմիտե» խումբը ջանում է հասնել քաղաքական անցումային գործընթացի և դրանով իսկ նախագահ Ասադի լիազորությունների կասեցման մասին հարցի քննարկմանը:

Սիրիական հակամարտության կարգավորմանն են ուղղված նաև Աստանայում ՌԴ, Թուրքիայի և Իրանի միջնորդությամբ պարբերաբար կազմակերպվող բանակցությունների մասնակիցների ջանքերը, սակայն այդ փորձերը ևս չեն հանգեցնում սիրիական հակամարտության կասեցմանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---