Պատանի Մ 16 տարեկան բասկետբոլիստները կմասնակցեն C դիվիզիոնի ԵԱ-ին

Պատանի Մ 16 տարեկան բասկետբոլիստները կմասնակցեն  C դիվիզիոնի ԵԱ-ին

PanARMENIAN.Net - Բասկետբոլի Մ 16 տարեկանների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 22-30-ն Անդորայում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Թիմի ավագ մարզիչ Արեգ Վաթյանը հայտնել է, որ հուլիսի 17-ին մեկնելու են Թբիլիսի: Այնտեղ ընկերական հանդիպում կանցկացնեն Վրաստանի իրենց հասակակիցների հետ:

«Այս պահին թիմը լիովին պատրաստ չէ: Տղաները շատ կարճ ժամանակ են միասին մարզվում և համատեղ խաղային փորձ չունեն: Ընկերական խաղեր ենք անցկացնում` այդ բացը լրացնելու համար: Նախորդ տարվա թիմից երեք բասկետբոլիստ է մնացել, մյուսները նորեկներ են:

Թբիլիսիում նաև երկու մարզում կունենանք, ապա կմեկնենք Անդորա», - ասել է Վաթյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

«Առաջին խաղը Ջիբրալթարի հավաքականի հետ է: Նրանց թիմում հանդես են գալու մի քանի բասկետբոլիստներ Մ 18 տարեկանների հավաքականից: Մոլդովան իր թիմն ուժեղացրել է ռուս խաղացողներով, Անդորան` իսպանացիներով, Կիպրոսը` հույներով: Այնպես որ` C դիվիզիոնում թույլ թիմ չկա», -նշել է Վաթյանը:

Մ 16 տարեկանների Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են` Դավիթ Քարամյանը, Լևոն Վաթյանը, Հովհաննես Պողոսյանը, Արսեն Արստամյանը, Աշոտ Հակոբյանը, Յուրա Հարությունյանը, Գևորգ Ղազանչյանը (բոլորը` Հայաստան), Գեորգի Շախնազարովը, Նիկիտա Գալցևը, Ալեքսեյ Չիժենոկը (Ռուսաստան), Սամվել Բունիաթյանը (Գերմանիա), Միկիա Ավեդյանը (Իրան):

Սամվել Բունիաթյանն այժմ մարզվում է թիմից առանձին` Գերմանիայում: Նա Արեգ Վաթյանից ստացել է բոլոր հանձնարարությունները և հավաքականին միանալու է մրցավայրում:

Արեգ Վաթյանի օգնականներն են` Սարգիս Ստեփանյանը և Գևորգ Շախնազարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---