10 հունվարի 2008 - 13:04 AMT
Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին կհետեւեն ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ 278 դիտորդներ
Նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ բացվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան դոկոր Գերտ Արենսի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը ողջունեց դեսպանին` կարեւորելով առաքելության իրականացումը Հայաստանի համար մեծ նշանակություն ներկայացնող ընտրություններում, եւ նշեց, որ այն կդառնա Հայաստանում ժողովրդավարության հաստատման իրական հավաստում:

Դեսպան Արենսն իր կողմից շնորհակալություն հայտնեց դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հղած հրավերի համար եւ նշեց, որ գործունեություն ծավալելիս իրենք փորձելու են առավելագույնս ապահովել թափանցելիությունը, ինչը լրացուցիչ վստահելիություն եւ օբյեկտիվություն է ապահովում իրենց գործունեությանն ու գնահատականներին: Նա նշեց, որ հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ մեծ է եղել` Հայաստան ժամանելու են 28 երկարաժամկետ դիտորդ, ինչպես նաեւ ակնկալվում է 250 կարճաժամկետ դիտորդների մասնակցություն ԵԱՀԿ անդամ երկրներից:

Հանդիպման ավարտին պրն. Օսկանյանը հաջողություն մաղթեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը եւ վերահաստատեց ԱԳՆ պատրաստակամությունն, իր իրավասությունների շրջանակներում, օժանդակելու առաքելության աշխատանքներին: