10 հունվարի 2008 - 13:57 AMT
Սերբիան մտադիր չէ լուծել Կոսովոյի խնդիրը ռազմական ճանապարհով
Խոսակցություններն այն մասին, որ Սերբիան կարող է ռազմական ճանապարհով լուծել Կոսովոյի խնդիրը, որը անկախության է ցանկանում հասնել Բելգրադից, բոլորովին հիմնավորված չեն: Այդ մասին հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Դրագան Շուտանովացը: «Ես բազմիցս եմ նշել, որ անհնար է լուծել Կոսովոյի հարցը ռազմական ճանապարհով,-ասել է Շուտանովացը Սարաեւոյի «Դնեվնի ավազ» թերթին տված հարցազրույցում:-Այն դեպքերում, երբ նախկին Հարավսլավիայի տարածքում մենք փորձում էինք խնդիրները լուծել բանակի ուժերով, արդյունքում ստանում էինք ավելի մեծ խնդիրներ»: Նրա խոսքերով, սերբական բանակը կարող է օգնություն ցուցաբերել Կոսովոյում տեղակայված KFOR միջազգային ուժերին, սակայն միայն նրանց խնդրանքով: «Սակայն առանց հրավերի սերբ զինվորականների հայտնվելը Կոսովոյում կնշանակեր պատերազմ KFOR-ի եւ ողջ միջազգային հանրության դեմ»,-ասել է նախարարը: Նա գտնում է, որ Բելգրադը չպետք է հեռանա ՆԱՏՕ-ից, սակայն երկրի ղեկավարությունը պետք է ուշադրություն դարձնի այն հանգամանքին, որ Սերբիայի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը օպտիմալ լուծում է համարում ոչ թե երկրի անդամակցումը ՆԱՏՕ-ին, այլ համագործակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

Հիշեցնենք, որ 1999 թվականից ի վեր Կոսովո երկրամասը, որը ձեւականորեն մնում է Սերբիայի կազմում, գտնվում է ՄԱԿ-ի կառավարման տակ: Երկրամասի վերջնական կարգավիճակի մասին բանակցությունները Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ, որը տարիներ տեւեցին, անարդյունք վերջացան, քանի որ Կոսովոյի ղեկավարությունը պնդում է անկախության վրա, իսկ Սերբիայի իշխանությունները դրան կտրականապես դեմ են: Օգոստոսին որոշվեցին Կոսովոյի գծով Շփման խմբի երեք միջազգային միջնորդները, որոնք պատասխանատու են Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ կարգավիճակի շուրջ նոր ուղղակի բանակցությունների կազմակերպման համար: Դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը քննարկեց միջնորդների «եռյակի» զեկույցը, որոշում չկայացնելով: ԱՄՆ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչները հայտարարեցին, որ բանակցություններն իրենց սպառել են, եւ երկրամասի կարգավիճակը կորոշվի ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Ռուսաստանը պնդում է, որ լեգիտիմ որոշում կարող է կայացվել միայն ՄԱԿ-ի շրջանակներում` երկու կողմերի համաձայնությամբ: ՄԱԿ--ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցը Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ կքննարկվի Անվտանգության խորհրդում հունվարի 16-ին: