ՀՀ քաղաքական վերնախավը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ Արցախի նախագահ վերընտրվելու կապակցությամբ

ՀՀ քաղաքական վերնախավը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ Արցախի նախագահ վերընտրվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Արցախի Հանրապետության նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը: Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի հուլիսի 19-իհատուկ նիստի ժամանակ:

Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել է 32 պատգամավոր։ Նրանցից 28-ը նախապես հայտարարել է, որ քվեարկելու է Բակո Սահակյանի օգտին, իսկ 4 պատգամավոր քվեարկել է ընդդիմադիր թեկնածու, «Շարժում 88» խմբակցության ղեկավար, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի օգտին:

«Պետական կառավարման մարմինների ժողովրդավարական և սահուն ձևավորման ընթացքը վկայում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու օգտին կատարած ընտրության անշրջելի բնույթը: Դա մարդու հիմնարար իրավունքները և ազատություններն անշեղորեն իրագործելու ուղին է:

Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք Ձեր ազնիվ ծառայությունը մատուցել Արցախին՝ հանուն մեր ընդհանուր առաջընթացի և բարօրության: Խաղաղասեր և հերոսական մեր ժողորվրդի արշալույսները թող մշտապես խաղաղ լինի»,- մասնավորապես ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Բակո Սահակյանին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Արցախի Հանրապետությունում շարունակվելու է պետականության ամրապնդման գործընթացը և տնտեսական ու քաղաքական զարգացումը: Վստահ եմ նաև, որ Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում հայկական երկու պետության տնտեսական սերտ փոխգործակցությունը շարունակվելու է հետևողականորեն խորանալ և ամրապնդվել:

Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ ու եռանդ, որպեսզի մեկնարկած ծրագրերը և նախանշված աշխատանքները բարեհաջող ավարտի հասցնեք՝ ի շահ Արցախի ժողովրդի բարօրության»:

Արցախի նոր Սահմանադրությամբ 2017-2020թթ. երկրի համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին: Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղը ղեկավարում է արդեն տասը տարի:

 Ուշագրավ
«Կանգնած ենք սարի պես, մինչև վերջ կանգնելու ենք»,- ասել է նա
Ըստ քաղխորհրդի՝ Արցախի միջազգային ճանաչումը և բնակչության ինքնորոշումը հակամարտության միակ մշտական լուծումն են
Ցույցի մասնակիցները պատրաստվում են շարժվել Եվրապարլամենտ
ՄԻԵԴ-ը բացառել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով վճռի վերանայման հնարավորությունը