Իսպանիայում արտաշիրիմել են Սալվադոր Դալիի աճյունը

Իսպանիայում արտաշիրիմել են Սալվադոր Դալիի աճյունը

PanARMENIAN.Net - Իսպանական Ֆիգերաս քաղաքում արտաշիրիմել են իսպանացի հանճարեղ նկարիչ Սալվադոր Դալիի աճյունը:

Ինչպես ասվել է Կատալոնիայի բարձր դատարանում, Դալիի կենսաբանական մասունքները հաջողությամբ հեռացվել են դամբարանից նրա մահից 27 տարի անց:

Դալին հուղարկավորվել է 1989-ին իր հիշատակին նվիրված թանգարանում գտնվող դամբարանում, նրա մարմինը զմռսվել է:

ԴՆԹ թեստը պետք է պարզի արյունակցական կապի առկայությունը նկարչի և Պիլար Աբել Մարտինեսի միջև, որը իրեն Դալիի ապօրինի դուստրն է համարում:

Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնել էին, որ փորձաքննության համար Դալիի զմռսված մարմնից կվերցնեն 4 ատամ, և երկար ոսկրի ոսկրածուծը:

Հատկանշական է, որ Դալիի բեղերը պահպանել են տեսնք ու ձևը: Այդ մասին պատմել են դատաբժշկական փորձագետները՝ հրաշք անվանելով դա:

Սկզբնական փուլում փորձագետները պետք է որոշեն, թե ինչ վիճակում է գտնվում Դալիի կենսաբանական նյութը, քանի որ այն կարող էր քայքայվել զմռսումից հետո: Նկարչի ԴՆԹ նմուշները կուղարկվեն Մադրիդի դատաբժշկական լաբորատորիա, որտեղ մոտ 2 շաբաթ կենթարկվեն փորձաքննության:

59-ամյա Պիլար Աբելը պահանջել է իրեն նկարչի դուստրը ճանաչել: Կինը դատական գործը բացել էր դեռ 2015-ի մարտին: Նա պնդում է, որ իր մայրը՝ Անտոնիա Մարտինես դե Արոն, 1955-ին սիրային կապի մեջ է եղել Դալիի հետ՝ բնակվելով գյուղում, որտեղ հարևանների երեխաների դայակն էր:Եթե Դալիի հայրությունը հաստատվի, Աբելը կկարողանա կրել Դալի ազգանունն ու կստանա նկարչի աշխատանքները տնօրինելու իրավունքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---