Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորը հայտնի կդառնա 2008 թվականի ամառվանից ոչ շուտ

PanARMENIAN.Net - Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորը հայտնի կդառնա 2008 թվականի օգոստոս-սեպտեմբերից ոչ շուտ: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հեռահաղորդակցությունների վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունն արդեն հաստատել է մրցութային հանձնաժողովի կազմն ու նրա աշխատանքի կարգը: «Մրցութային հանձնաժողովն արդեն մոտակա ժամանակներս առաջին նիստերը կգումարի, մնացած հարցերը կախված կլինեն հանձնաժողովի աշխատանքի գործընթացից»,-ասել է Գեւորգյանը:



Ընդ որում նա նշել է, որ ըստ միջոցառումների ժամանակացույցի մրցույթը նախատեսվում է ավարտել 2008 թվականի օգոստոս-սեպտեմբերին եւ ամփոփել արդյունքները, սակայն ժամկետը կարող է երկարացվել ըստ հանձնաժողովի առաջարկության: Ըստ Գ.Գեւորգյանի, Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը դեռեւս պաշտոնական տեղեկություններ չունի շահագրգիռ ընկերությունների ցուցաբերած հետաքրքրության եւ հայտերի մասին: «Սակայն կարծում եմ, որ հետաքրությունը մեծ եւ լուրջ է լինելու»,-ասել է Գեւորգյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:



Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, երրորդ օպերատորին լիցենզիա տրամադրելու հայտերը կընդունվեն 2008 թվականի մայիսի 1-ից 90 օրվա ընթացքում, որից հետո կամփոփվեն մրցույթի արդյունքները: Սակայն ըստ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, որը գլխավորում է մրցութային հանձնաժողովը, Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորը հայտնի կդառնա 2008 թ. հունիսի 30-ին:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---