15 հունվարի 2008 - 14:35 AMT
Հունվարի 19-ին Մոսկվայի հայերը ցույց են կազմակերպելու Թուրքիայի դեսպանատան մոտ
2008 թվականի հունվարի 19-ին Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Նոր-Նախիջեւանական եւ Ռուսական թեմի «ՆՈՒՌ» երիտասարության միությունը մի շարք հանրային միջոցառումներ է նախատեսում` նվիրված Թուրքիայում հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցին: Այդ օրը «ՆՈՒՌ» միությունը առաջարկում է հիշել ժամանակակից Թուրքիայի բոլոր հանցագործությունները ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դեմ: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի «Երկրամաս» թերթը, հունվարի 19-ին Մոսկվայում կկայանան հետեւյալ միջոցառումները.

11.00- 11.30- Թուրքիայում նահատակված քրիստոնյաների հիշատակին նվիրված պատարագ Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցում
13.00- 14.00- Հիշատակի ցույց Թուրքիայի դեսպանատան մոտ
16.00- Կլոր սեղան` «Ճշմարտությունը մեզ ազատ է դարձնում»: Միջոցառման շրջանակներում Հրանտ Դինքի մասին ֆիլմ է ցուցադրվելու, Թուրքիայի ազգայնամոլականի հանցագործությունների մասին տեղեկատվություն է հրապարակվելու:

Միջոցառումների ընթացքում նաեւ դիմելու են Թուրքիային` պահանջելով կասեցնել դատական գործը Ռեջեփ Զարակողլուի նկատմամբ, որը տեղափոխվել է 2008 թվականի հունվարի 31: Զարակողլուին պատրաստվում են մինչեւ երեք տարվա ազատազրկման դատապարտել Լոնդոնում ապրող, ծագումով հայ Ջորջ Ջերջիյանի «Ճշմարտությունը մեզ ազատ է դարձնում» գիրքը թուրքերեն թարգմանելու համար: Միջոցառումների վերջում նախատեսվում է բանաձեւ ընդունել, որը կուղվի Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի իշխանություններին:

Միջոցառումների կազմակերպիչներին նաեւ միանալու են Մոսկվայի ասորիների ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցիչները: Նշենք, որ այս տարի` հունվարի 25-ին, լրանում է շվեդական համալսարանի, ծագումով ասորի դասախոս Օրեբրո Ֆուադ Դենիզի ծայրահեղականների կողմից իրականացված սպանության 40 օրը. Դենիզը միջազգային ճանաչում էր ստացել Օսմանյան կայսրությունում XX դարասկզբին իրականացված Ասորիների ցեղասպանության մասին հրապարակումներով: