ՀՀ-ում Թուրքիայի քաղաքացուն կդատեն պետսահմանը Արաքսով հատելու համար

ՀՀ-ում Թուրքիայի քաղաքացուն կդատեն պետսահմանը Արաքսով հատելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանում պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով դատարանի առջև կկանգնի Թուրքիայի քաղաքացի Օզգյուլ Դումանը:

Մայիսի 23-ին Օզգյուլ Դումանը լողալով անցել է Արաքս գետը Թուրքիայի կողմից: Հաղթահարելով սահմանային ինժեներատեխնիկական պատնեշները, նա անցել է փշալարերի տակով և, առանց փաստաթղթերի և անհրաժեշտ թույլտվության, ապօրինաբար հատել է ՀՀ պետական սահմանը, գրում է «Նովոստի Արմենիան»:

Դումանին այդ հարցում օգնել է Աբդուլբարի Կանատը, որն իր ծառայությունների համար 10.000 դոլար է պահանջել: Երկուսն էլ ձերբակալվել են: Դումանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածով՝ պետսահմանի ապօրինի հատում, իսկ հանցակցին՝ 38-329 հոդվածով՝ աջակցություն պետսահմանի ապօրինի հատմանը:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---