21 հունվարի 2008 - 16:30 AMT
ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի Ղարաբաղ այցելության հետ կապված հարցն ընդգրկվել է օրակարգում
Հայաստանի պատվիրակությունը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում կքննարկի Ղարաբաղի գծով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնի տարածաշրջան կատարելիք այցի հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է հայկական պատվիրակության ղեկավար, խորհրդարանի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

«Ղարաբաղի գծով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ այցելության հետ կապված հարցն ընդգրկվել է օրակարգում»,-ասել է Հարությունյանը: Նրա խոսքերով, այցի հնարավոր ժամկետները կքննարկվեն հանձնաժողովի նախագահ, լորդ Ռասսել Ջոնսթոնի հետ:

Հարությունյանն անդրադարձել է նաեւ մշակութային ժառանգության հարցերով ԵԽԽՎ զեկուցող Էդվարդ Օ'Հարայի այցելության հարցին: «Այդ այցը հետաձգվել է մի քանի անգամ: Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների հարուցման հարցն արդեն իսկ արծարծվել է ԵԽ Գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի առջեւ»,-ասել է Հարությունյանը` հավելելով, որ այցելության հնարավորության հարցը քննարկվում է ԵԽԽՎ մշակութային ժառանգության գծով ենթակոմիտեում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: