
Թուրքիայի Վան նահանգում հայկական գերեզմանոց է պղծվել. Վանի քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել, տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Birgün-ի փոխանցմամբ, նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս էր, որը հայտնի նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայրն է: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն անարգվել է. կառուցապատումների արդյունքում բազմաթիվ մարդկային ոսկորներ են հողից դուրս եկել: Գերեզմանոցն ու բլուրը զերծ չեն մնացել նաև գանձախույզների ուշադրությունից, որոնք անխնա փորփրել ու ավիրել են տեղանքը:
1984-ին Թուրքիայի Էգեյան համալսարանը, Վանի թանգարանը և Վանի տարածաշրջանային պատմահնէաբանական հետազոտությունների կենտրոնը «Դիլքայայի բլուր» կոչված այս տարածքում համատեղ պեղումներ են կատարել: Հայտնի է, որ բլուրը գոյացել է նախկին բնակավայրերի ավերակների նստվածքներից. տարածքը մարդկության համար որպես բնակատեղի է ծառայել դեռ մ.թ.ա 3-րդ հազարամյակից:
Պեղումների ժամանակ բլրի շրջակայքում հայտնաբերվել են դեռ ուրարտական ժամանակների պատկանող 24 աճյունասափոր: Հայտնաբերվել են նաև մարդկային գանգատուփեր, որոնք ապացուցում են, որ գանգի վրա «պատուհան բացելու» առաջին վիրահատություններն այստեղ են արվել:
Պատմական այս տեղանքում հասարակական լողափը բացվել էր դեռ հուլիսի 23-ին: