
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 6-ին հանդիպում է ունեցել նախագահ Ռոհանիի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին: Ինչպես հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Սերժ Սարգսյանը ներկայացրել է այդ գործընթացի ներկա վիճակն ու Հայաստանի դիրքորոշումը` հակամարտությունը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ:
Իրանի նախագահն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով, և իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:
Անդրադարձ է եղել նաև տնտեսական հարցերին, մասնավորապես՝ էներգետիկայի, գազի և էլեկտրաէներգետիկայի, ինչպես նաև տրանսպորտի և հաղորդակցության բնագավառներում, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման կարևորությանը: Կարևորվել է նաև գազի և էներգետիկայի ոլորտներում եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձևաչափով համագործակցության զարգացումը: