8 օգոստոսի 2017 - 11:58 AMT
ՀՀ-ն ու ՌԴ-ն կընդլայնեն գործակցությունը ոսկեգործության և ադամանդագործության ոլորտում

Ոսկեգործության և ադամանդագործության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև գործակցությունը կարող է ընդլայնվել: ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը և ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Ալեքսեյ Մոիսեևին՝ քննարկելու հարցը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ հանդիպմանը կողմերը քննարկել են ալմաստի հումքի մատակարարումների արդյունավետության բարձրացման խնդիրը՝ ինչպես «Ալռոսայից», այնպես էլ «Գոխրանից»։ Հայկական պատվիրակության անդամները ՌԴ ֆինանսների փոխնախարարի ղեկավարած խմբի հետ զրույցում անդրադարձել են նաև պետական հարգադրոշման և հարգորոշման փոխադարձ ճանաչման հարցերին։

Կողմերը քննարկել են խնդիրների լուծման նորարական մոտեցումների և նոր մեխանիզմների կիրառումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս սեղմ ժամկետներում անցնել գործնական քայլերի։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանի խոսքով՝ այդ պայմանավորվածությունների իրականացումը կապահովի ոլորտի աճի շարունակականությունը։