2 դատավորի դեմ կաշառք վերցնելու առիթով քրգործ է հարուցվել

2 դատավորի դեմ կաշառք վերցնելու առիթով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ևս մեկ քրեական գործ է հարուցվել դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ:

ՀՔԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ու նույն դատարանի դատավորի վերաբերյալ ծառայությունում քննվող քրեական գործով վկա, Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Ա.-ն հաղորդում է տվել, որ դատական կարգով համապատասխան ընկերության տարածքի մի մասը սեփականության իրավունքով ձեռք բերելու համար 2012թ.-ին դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին: Դրա համար Ա. Պետրոսյանը նույն մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի միջոցով իրենից պահանջել է 6.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք:

Կաշառքի գումարը փոխանցելուց հետո Մ. Ա.-ն տեղեկացել է, որ նշված ընկերության տարածքն այլ անձանց կողմից կեղծ փաստաթղթերով օրինականացնելուց հետո վաճառվել է 80.000 ԱՄՆ դոլարով, որից 30.000 ԱՄՆ դոլարը որպես կաշառք տրվել է վերը նշված դատարանի նախագահին: Ուստի Մ. Ա.-ն 2014թ.-ին կարողացել է միջնորդից ետ վերցնել իր կողմից որպես կաշառք տրված 6.000 ԱՄՆ դոլար գումարը:

Մ. Ա.-ն հայտնել է նաև, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հօգուտ իրեն դատական ակտ կայացնելու համար տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ 13.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Երևանի վարչական շրջաններից մեկի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին, սակայն քանի որ դատական ակտն ի վնաս իրեն է կայացվել, ուստի դատավորը ետ է վերադարձրել կաշառքի գումարի մի մասը, իսկ մնացած 8.000 ԱՄՆ դոլարը վերադարձնելու վերաբերյալ ստացական է տվել:

Այսպիսով, դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 313-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---