29 հունվարի 2008 - 13:53 AMT
Երեւանում բացվել է ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/Lancer 2008 զորավարժությունների ծրագրավորման հարցով կոնֆերանսը
Այսօր Երեւանում բացվել է ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/Lancer 2008 զորավարժությունների ծրագրավորման հարցով կոնֆերանս: Կոնֆերանսի աշխատանքին մասնակցելու են 110 մասնակից 20 երկրներից:

«Հայաստանում զորավարժությունների անցկացումը արդեն ավանդույթ է դարձել, որը ընդարձակվում է տարեց տարի: Առաջին զորավարժությունները` «Best effort», անցնում էին 2003 թվականին, «Rescuer»` 2006 թվականին, «Combined Endeavor»` անցյալ տարի: Cooperative Longbow/Lancer զորավարժությունները իրենց ծավալով եւ մասնակիցների քանակով լինելու են ամենախոշորը Հարավային Կովկասում»,- կոնֆերանսի բացմանն ասել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նա ընդգծել է, որ ներկայիս զորավարժությունների նպատակը համագործակցությունն է անվտանգության եւ փորձի փոխանակման ասպարեզում:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանը հրաժարվել է կոնֆերանսին մասնակցելուց, չնայած նրան եւս հրավեր է ուղարկվել:

Իր հերթին, «Հայդելբերգ» ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի ղեկավարի տեղակալ, գեներալ Կլաուդիո Էրնեստո Վերչելոտին նշել է, որ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները սկսկվել են դեռեւս 2007 թվականին: «Մասնակից երկրները Հայաստանի հետ մեկ տեղ կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի զորավարժությունները բարձր մակարդակով անցնեն»,- ասել է Վերչելոտին:

Հիշեցնենք, որ 2007 թվականի հոկտեմբերի 23-ին Եվրոպայի դաշնակցական ուժերի գերագույն հրամատարությունը հաստատել է Հայաստանի հայտը` իր տարածքում զորավարժությունների անցկացման մասին` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: