«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» սառնարաններ է նվիրաբերում Տավուշի և Գեղարքունիքի ՓՄՁ-ներին

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» սառնարաններ է նվիրաբերում Տավուշի և Գեղարքունիքի ՓՄՁ-ներին

PanARMENIAN.Net - Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում գործող 50 փոքր և միջին ձեռնարկություն «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» կողմից սառնարաններ կստանան։ Այսուհետ Չինարի, Մովսես, Այգեպար, Սևքար, Բաղանիս, Այգեհովիտ, Արտանիշ, Ջիլ, Ճամբարակ և Վահան գյուղերի մթերային խանութների սեփականատերերը կկարողանան իրենց մոտ վաճառվող ըմպելիքներն ու կաթնամթերքը թարմ և սառը պահել ցանկացած եղանակին։

Համայնքներն ընտրվել են «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» բիզնեսի պլանավորման թիմի կողմից, որը լավ ծանոթ է մարզերում շուկայի առանձնահատկություններին. առաջնահերթությունը տրվել է սահմանամերձ գյուղերի փոքր ձեռնարկատերերին, որոնք սառնարաններ գնելու համար սահմանափակ հնարավորություններ ունեն։

«Մեր ընկերությունը միշտ կարևորել է կայուն զարգացումը բոլոր այն համայքներում, որտեղ աշխատում ենք։ Անցած 20 տարվա ընթացքում մեծ ջանքեր ենք գործադրել՝ խթանելու երկրի տնտեսական զարգացումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով փոքր ու միջին բիզնեսին։ Մեզ համար հատկապես կարևոր է շրջանների, մասնավորապես՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին օգնելը, որպեսզի նրանք կարողանան իրենց բիզնեսն ամրապնդելու և զարգացնելու համար միջոցներ ձեռք բերել՝ միևնույն ժամանակ հոգալով իրենց ընտանիքների կարիքները»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը։

Սառնարանները, որոնք նախկինում օգտագործվում էին միայն ընկերության արտադրատեսակները պահելու համար, այժմ թարմացվել են և հարմարեցվել այլ ապրանքներ տեղավորելու համար։ Բաշխման աշխատանքներն արդեն սկսվել են, և մինչև ամսվա վերջ բոլոր սեփականատերերն արդեն կկարողանան օգտագործել նոր ստացված սառնարանները։

Հայաստանում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը գործում է 1995 թվականից: Լինելով «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի անդամ, որը տարիներ շարունակ ընդգրկված է Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսում, ընկերութունը կարևորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը։ Համայնքային բարեկեցությունից զատ, ջրային ռեսուրսների կառավարումն ու երիտասարդության զարգացման նախագծերը ևս մեր ուշադրության կենտրոնում են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---