29 հունվարի 2008 - 19:11 AMT
ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության անդամները ժամանել են Երեւան
Հունվարի 29-ին Երեւան են ժամանել ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության անդամները` Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ: Նույն օրը պատվիակությունը հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովայի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակության անդամների հետ:
Ազգային ժողովում հանդիպումներ են անցել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության անդամների հետ: Նույն օրը Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության անդամներին ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Պատվիրակությունը կհանդիպի նաեւ Հայաստանում ԵԽ անդամ երկրների դեսպանների հետ:
Հունվարի 30-ին նախատեսված են անհատական հանդիպումներ ՀՀ նախագահի թեկնածուների հետ, ապա կլոր սեղաններ` հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Նույն օրը պատվիրակությանը կընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հունվարի 31-ին տեղի կունենան պատվիրակության հանդիպումները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության խորհրդի անդամների հետ: Պատվիրակությանը կընդունեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, հաղորդում է elections2008.am: