
Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Սեպտեմբերի 4-ի առավոտյան պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հյուրընկալվել է «Պոլի գրուպ» ընկերությունում։
Պաշտպանական, էներգետիկ և հանքարդյունաբերության, անշարժ գույքի և մշակույթի ոլորտներում մասնագիտացած ընկերությունը խոշորագույններից մեկն է Չինաստանում, իսկ մի շարք ուղղություններում նաև առաջատարը։ Վերջին տարիներին ընկերությունը հսկայական առաջընթաց է գրանցել նաև ռազմարդյունաբերության ոլորտում՝ սպառազինության համաշխարհային շուկա ներմուծելով տարբեր զինատեսակներ, որոնք հաջողությամբ մրցակցում են ավանդաբար այդ շուկայում առաջնային դիրքեր զբաղեցնող երկրների համանման արտադրանքի հետ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Պոլի գրուպ» ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով երկու ժողովուրդների ավանդական և բարեկամական հարաբերությունները, պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ քննարկումները՝ պաշտպանական ոլորտում փոխշահավետ համագործակցության հեռանկարների և հնարավորությունների շուրջ։
Բանակցությունների ավարտին Վիգեն Սարգսյանը շրջայց է կատարել ընկերության թանգարանում, որտեղ ներկայացված են չինական մշակույթի հնագույն և արժեքավոր ցուցանմուշներ։