31 հունվարի 2008 - 14:08 AMT
Ադրբեջանական Կանաչների կուսակցությունն առաջարկում է հանրաքվե անցկացնել Ղարաբաղում
Ադրբեջանի Կանաչների կուսակցությունը հանդես է եկել «Ղարաբաղյան խնդրի լուծման 25 քայլեր» ծրագրով: Ինչպես հայտարարել է կուսակցության նախագահ Մաիս Գյուլալիեւը, տվյալ պահին կուսակցությունում քննարկում են այն խնդիրները, որոնք արծարծում են աշխարհի Կանաչների կուսակցությունների ներկայացուցիչները: Դրանց շարքում առանձնանում է համազգային` ղարաբաղյան հակամարտության խնդիրը: «Ադրբեջանի Կանաչների կուսակցությունում այդ հարցի վերաբերյալ այլ կարծիք է ձեւավորվել: Մենք հանդես ենք եկել «Ղարաբաղյան խնդրի լուծման 25 քայլեր» ծրագրով, որն էապես տարբերվում է իշխանության եւ ընդդիմության առաջարկներից: Ըստ ծրագրի 11 եւ 12 կետերի, մենք առաջարկում ենք, որ բոլոր նավթային եկամուտները բաշխվեն ժողովրդին: 25-րդ քայլով առաջարկվում է հանրաքվե անցկացնել Ղարաբաղում, քանի որ այդ խնդիրը հնարավոր չէ լուծել բռնի ուժով:

Իշխանությունները մի քանի շանս ունեցել են լուծելու համար այդ հակամարտությունը, սակայն չեն օգտվել դրանցից: Առաջին անգամ այն կարող էր կարգավորվել մինչ 1991 թ.: Երկրորդ անգամ` 1994 թվականի սեպտեմբերի 20-ին, «Դարի համաձայնագրի» ստորագրման ժամանակ:

Շանսեր կային նաեւ 2003 թվականին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բացման ժամանակ: Սակայն մենք ոչ մեկը չօգտագործեցինք, ուստի այսօր մենք ստիպված ենք հույսներս դնել սեփական ուժերի վրա»,-հայտարարել է Մ.Գյուլալիեւը, հաղորդում է Day.az-ը: