5 սեպտեմբերի 2017 - 12:48 AMT
Euromag-ը՝ Yerevan Food Fest-ի մասին. Ազգային խոհանոց, հսկայական ռոլ, սթրիթ-ֆուդ

Սեպտեմբերի 21-23-ը Երևանում առաջին անգամ տեղի կունենա Yerevan Food Fest By Hartak ռեստորանային սննդի քաղաքային փառատոնը: Euromag-ն անդրադարձել է այդ իրադարձությանը՝ նշելով, որ 3 օրվա ընթացքում հնարավոր կլինի փորձել ոչ միայն ավանդական հայկական ճաշատեսակները, այլ նաև համտեսել ժամանակակից հայկական խոհանոցը սովորականից ցածր գնով: Փառատոնի ղեկավար Աննա Մազմանյանը պատմել է, թե հատկապես ինչի վրա կարելի է ուշադրություն դարձնել:

Առաջին 2 օրերին՝ սեպտեմբերի 21-ին և 22-ին շեֆ խոհարարներն ու այլ փորձագետներ վարպետության դասեր, վորքշոփեր կանցկացնեն և հանրային դասախոսություններով հանդես կգան The LOFT-ում և Complex Bar-ում:

Փառատոնին երևանյան մոտ 30 ռեստորան կմասնակցի: Գլխավոր իրադարձությունը սպասվում է սեպտեմբերի 23-ին, Անգլիական այգում: Փառատոնում շեշտը կդրվի ժամանակակից հայկական խոհանոցի վրա: Ինչպես նշել է Աննա Մազմանյանը, անշուշտ, կներկայացվեն ազգային ուտեստներ, սակայն առաջին հերթին սա հայկական ռեստորանների տոնն է լինելու:

Երևանի լավագույն ռեստորանները հյուրերին կներկայացնեն ազգային ճաշատեսակները, Երևանի ասիական ռեստորաններից մեկը կպատրաստի ամենամեծ ռոլը: Երևանի համար ևս մեկ հեռանկարային և նոր թեմա է սթրիթ-ֆուդը՝ հարթակներից մեկում սթրիթ-ֆուդի վարպետության դաս կտրվի:

Նշվում է, որ թեև հայկական խոհանոցն ասոցացվում է կալորիական ուտեստների հետ, փառատոնում այն նորովի կներկայացվի, ռեստորաններից մեկը կներկայացնի ճարպի և շաքարի ցածր պարունակությամբ ուտեստներ՝ միայն ցածր կալորիականությամբ ճաշատեսակներով:

Պարբերականը նշում է, որ Հայաստանում միշտ ուժեղ են եղել հացի պատրաստման ավանդույթները՝ ով չգիտի հայկական լավաշը, կներկայացվեն նաև հացի տարբեր տեսակներ և թխվածք:

Փառատոնի խոսնակների թվում են Աննա Ելովիկովան (Հյուսիսային Կովկասի ռեստորատորների և հյուրանոցների տերերի ասոցիացիայի նախագահ), գաստրոնոմիական ուղղվածության հայտնի բլոգեր Աննա Ձյուբան, «Դոլմաստերի» սեփականատեր Լիլիթ Հարությունյանը, լրագրողներ և ռեստորանատերեր: