5 սեպտեմբերի 2017 - 17:44 AMT
Մանկապարտեզների մոտ 4.700 աշխատակից հունվարի 1-ից կօգտվի բժշկական ապահովագրությունից

Համայնքային ենթակայության մանկապարտեզների մոտ 4.700 աշխատակից 2018թ. հունվարի 1-ից հնարավորություն կունենա օգտվելու բժշկական ապահովագրությունից։

Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Սա երկար սպասված ծրագիր էր, որը հնարավորինս արագ կարողանում ենք կյանքի կոչել։Արդեն իսկ հանձնարարել եմ, որ ուսումնասիրվի նաև քաղաքապետարանի ենթակայության մի շարք կրթամշակութային և մարզական հաստատությունների աշխատակիցների համար ևս նման ծրագիր իրականացնելու հնարավորությունը»,- գրել է նա։

Քաղաքապետը շեշտել է՝ իրենց մոտեցումն այս հարցում հստակ է.«Պետք է լավագույն պայմաններն ապահովենք այն մասնագետների համար, ովքեր իրենց գիտելիքը, տաղանդն ու առողջությունը ներդնում են մեր ապագա սերունդների դաստիարակության կարևորագույն գործում»։

Իսկ թե առողջության անհատական ապահովագրման ինչ տարբերակներ են առաջարկում ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերությունները, կարող եք ծանոթանալ այստեղ: